Նորություններ և իրադարձություններ
Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութ
Ամսաթիվ` 15.09.08
Ուշադրություն
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների իրավունքները՝ նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավի շրջանակներում հայտարարում է «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութ» մրցույթը` հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Նյութերի ընդունման ժամկետն է` ս. թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը:
Մասնակցության կարգը
Մրցույթին կարող են մասնակցել անհատ լրագրողներ կամ լրագրողական խմբեր:
Ներկայացվող աշխատանքները պետք է հրապարակված լինեն տպագիր կամ էլեկտրոնային մամուլում, կամ հեռարձակված լինեն տեղական/շրջանային հեռուստաալիքներով կամ ռադիոյով` մրցույթի պայմաններին համապատասխան:
Մրցույթի պայմանները
Նյութերը պետք է ներկայացվեն հետևյալ ձևաչափերով`
1. Տպագիր նյութեր` պատճենահանված կամ տպագրությունից էլեկտրոնային նկարված տարբերակով;
2. Էլեկտրոնային նյութեր՝ էլեկտրոնային կայքի հղում և screen shot` առանձին ֆայլով;
3. Տեսանյութեր՝ Mp4 (avi) կամ DVD ձևաչափով;
4. Աուդիոնյութեր՝ Mp3 ձևաչափով։
Գնահատումը
Հաղթողներին կընտրի հեղինակավոր փորձագետներից բաղկացած անկախ հանձնաժողովը: Հանձնաժողովում ընդգրկվելու են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, երեխաների իրավունքների ոլորտի փորձագետներ և հոգեբաններ:
Մրցանակները
Յուրաքանչյուր անվանակարգում (տպագիր մամուլ, էլեկտրոնային մամուլ, ռադիո, հեռուստատեսություն) լավագույնը ճանաչված լրագրողական նյութը կպարգևատրվի հավաստագրերով և արժեքավոր նվերներով:
Նյութերը ներկայացնել Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա: Հասցե` ք. Երևան, Խանջյան 35-18, hեռ.` (374 10) 58 25 61, էլ. փոստ` info@apra.am:
Երեխաների իրավունքներին նվիրված դասաժամի սցենարների մրցույթ
Ամսաթիվ` 14.09.08
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների իրավունքները՝ նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավի շրջանակներում հայտարարում է Երեխաների իրավունքներին նվիրված դասաժամի սցենարների մրցույթ` հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Նյութերի ընդունման ժամկետն է` ս. թ. սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 17-ը:
Մասնակցության կարգը
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչները: Այլ աղբյուրներից արտատպած աշխատանքները մրցույթին ներկայացնել չի կարելի:
Աշխատանքներին ներկայացվող պահանջները.
Նյութերը պետք է ներկայացվեն տպագիր կամ էլեկտրոնային տարբերակներով (Word ֆորմատով (*.doc, *.rtf) Windows-ի համար):
Դասընթացի սցենարը կարող է նախատեսված լինել հանրակրթական դպրոցի ցանկացած տարիքային խմբի համար` հեղինակի ընտրությամբ:
Համապատասխան հղումները պետք է կատարվեն տողատակերում, իսկ օգտագործված գրականության և տեղեկատվական աղբյուրների ցանկը դրված լինի աշխատանքի վերջնամասում: Էջի սկզբնամասում մասնակիցը պետք է նշի իր անձնական տվյալները (մարզը, քաղաքը/գյուղը, դպրոցի համարը, անունը, ազգանունը և հեռախոսահամարները): Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն երեք տպագիր էջից ոչ ավել:
Մրցութային չափանիշները.
Ներկայացված սցենարները գնահատվելու են` ելնելով առաջադրված հիմնական թեմայի` մրցույթի ընդհանուր թեմային համապատասխանությունից, բացատրությունների և փաստարկների որակից: Աշխատանքների գնահատման հիմնական չափանիշներն են` դասաժամի արդյունավետությունը, մատուցվող նյութի մատչելիությունը և համապատասխանությունը տվյալ տարիքային խմբին, աշակերտների ներգրավվածության աստիճանը, դասի անցկացման հետաքրքրության աստիճանը, կատարված ուսումնասիրությունների խորությունը, հեղինակի կողմից առաջադրվող նոր մոտեցումը, շարադրման որակը (ոճը, գրագիտությունը, կառուցվածքը):
Գնահատումը.
Հաղթողներին կընտրի հեղինակավոր փորձագետներից բաղկացած անկախ հանձնաժողովը, որում կընդգրկվեն փորձագետներ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:
Մրցանակները.
Հինգ լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն հավաստագրերով և արժեքավոր նվերներով:
Ծրագրի շարունակականությունը.
Մրցույթում հաղթած սցենարների հիման վրա կանցկացվեն դասաժամեր, որոնք կնկարահանվեն:
Նյութերը ներկայացնել Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա: Հասցե` ք. Երևան, Խանջյան 35-18, hեռ.` (374 10) 58 25 61, էլ. փոստ` info@apra.am կամ
ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն: Հասցե` ք. Երևան, Կառավարության III շենք, 611 սենյակ, Նարինե Մնացականյանին կամ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, ք. Երևան, Պետրոս Ադամյան 14, Էմիլ Սահակյանին:
«Կանայք և հասարակությունը». թոք շոուներ և սոցիալական հոլովակ
Ամսաթիվ` 20.06.08
2008 թ. հունիսին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող «Կանայք և հասարակությունը» ծրագրի շրջանակներում եթեր հեռարձակվեց երկու թոք շոու, որոնք ըստ էության շարունակում էին հանրային քննարկումների շրջանակներում արծարծված հիմնախնդիրների թեմաները` «Կինը և քաղաքականությունը» և «Կինը որպես հասարակական գործիչ»: Թոք շոուներին մասնակցում էին ոլորտի փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ:
Ծրագրի հերթական քայլն էր գենդերային հիմնախնդիրներին նվիրված սոցիալական տեսահոլովակի նկարահանումը և եթեր հեռարձակումը: Հոլովակն ամփոփվում է «Անկախ սեռից յուրաքանչյուր անձ կարող է հասնել ցանկացած բարձունքի» կարգախոսով:
Հանրային քննարկում` «Կինը և առողջապահությունը»
Ամսաթիվ` 18.04.08
Շարունակվում է «Կինը և հասարակությունը» նախագիծը:
2008 թ. ապրիլի 18-ին «Panorama.am» ակումբում տեղի ունեցավ ծրագրի վերջին հանրային քննարկումը` նվիրված առողջապահության խնդիրներին:
Քննարկումը վարում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում վերհանված առողջապահական մի շարք գենդերային հիմնախնդիրներ ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանը: Ի թիվս բազում խնդիրների մասնավորապես նշվեցին սեռավարակները, որտեղ կանայք միանշանակ ավելի մեծ տոկոս են կազմում, հղիության արհեստական ընդհատումը, որն առաջացնում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան և սոցիալական հետևանքներ, հաշմանդամությունը և տրավմատիզմը, որտեղ ավելի մեծ տոկոս կազմում են տղամարդիկ: Թեև ուսումնասիրություններով փորձ էր արված պարզել, թե տարբեր հիմնահարցերի պարագայում ինչպիսին է կանանց և տղամարդկանց տոկոսային հարաբերակցությունը և որ սեռի պարագայում են խտրականության դեպքերն ավելի շատ, այնուամենայնիվ, ըստ Արմինե Մխիթարյանի` վիճակագրական տվյալները խորքային բացատրություններ են պահանջում, քանի որ Հայաստանում այսօր առկա է դիմելիության խնդիրը` բժիշկներին հաճախ դիմում են անանուն, գերադասելով մասնավոր կոնսուլտացիաները և մասնավոր բուժումը, ինչը խաթարում է վիճակագրական տվյալների հավաստիությունը:
Ինչ վերաբերում է առողջության սուբյեկտիվ գնահատմանը` տղամարդկանց պարագայում գնահատականները 20-25 %-ով ավելի բարձր են, քան կանանցը:
Քննարկվեցին նաև հոգեկան առողջությանը վերաբերող հարցեր, մանկական տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ, որոնց ենթարկվածների 88 %-ը տղամարդիկ են, ովքեր մանկուց չեն կարողանում համապատասխանել կարծրատիպերին, այս երևույթը նաև հաշմանդամություն է առաջացնում: Քննարկմանը ներկա հոգեթերապևտի պնդմամբ` բազմաթիվ ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների հիմքում ընկած են ընտանեկան բռնությունները և ստրեսը:
Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանը` ՄԱԿ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ ոչ մի օրենք ի սկզբանե չի առաջացնում գենդերային խտրականություն: Օրենքները բոլորին տալիս են հավասար իրավունքներ, սակայն մեխանիզմներ է պետք մշակել բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու համար: Գյուլնարա Հովհաննիսյանը խնդրո առարկա ոլորտում կարևորեց նաև բնակչության և որոշումներ ընդունողների իրազեկումը:
Հանրային քննարկումներ` «Ընտանեկան բռնություն: Կինը և ընտանիքը»
Ամսաթիվ` 25.01.08
«Կանայք և հասարակությունը» ծրագրի շրջանակներում հունվարի 25-ին «Panorama.am» ակումբում APRA-ն նախաձեռնել էր հանրային քննարկումներ` «Կինը և ընտանիքը» և «Ընտանեկան բռնություն» թեմաներով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:
Ընտրված առաջին թեմայի շրջանակներում մասնակիցները հիմնականում անդրադարձան ընտանիքին` որպես հասարակության մասնիկ, հաշվի առնելով դրա բոլոր անդամների դերակատարումները: Քննարկվեցին ընտանիքում կնոջ դերի ավանդական մոտեցումները և ժամանակի թելադրանքով դրա փոփոխությունը:
«Ընտանեկան բռնություն» թեմային անցնելիս` փորձագետները ներկայացրին բռնության տեսակների դասակարգումը, հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ ի տարբերություն ֆիզիկական բռնության, այսօր հոգեբանական և տնտեսական բռնությունը դժվար չափելի է և այդ պատճառով ոչ միշտ է պատժվում: Ինչպես նշեց քննարկումները վարող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնախնդիրների բաժնի պետ Արմինե Թանաշյանը` «Նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ կա գենդերային հավասարություն, բռնությունների կանխարգելման ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքների չեն հասել»:
Քննարկումներին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը, ՀՀ ԱՍՀՆ կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրապյանը, ՀՀ ԱՍՀՆ հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանը, հոգեբան Նաիրա Սահակյանը, «Հայաստանի մայրության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Ասլանյանը: Ներկա էին ՀՀ ԱՍՀՆ այլ մասնագետներ, ՀԿ սեկտորի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ:
Ընտրական գործընթացների մասին ուսուցողական ֆիլմ
Ամսաթիվ` 24.01.08
Հունվարի 24-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ ընտրական գործընթացների մասին ուսուցողական ֆիլմի ցուցադրում:
Ֆիլմը պատրաստել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA)` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փորձագիտական աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Անուշ Բեղլոյանը: Նրա խոսքերով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրությունների ընթացքում խախտումները տեղի են ունենում պատշաճ գործընթացների չիմացության պատճառով, և ֆիլմի նկարահանմամբ փորձ է արվել լրացնել այդ բացը:
Այնուհետև ներկաներին ողջունեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Պարոն Կապինոսը կարևորեց ֆիլմի նշանակությունը այն առումով, որ այն պրակտիկ գիտելիքներ և հմտություններ կտա ընտրական հանձնաժողովների անդամներին: Իսկ պարոն Ազարյանը հավելեց, որ ֆիլմը օգտակար կլինի քաղաքացիների ընտրական մշակույթի բարձրացման գործում և դրա ստեղծումը կարելի է համարել ԿԸՀ-ի և միջազգային կազմակերպությունների համագործակցության լավագույն փորձ:
Ծրագրի իրավաբան փորձագետ Հրայր Թովմասյանը ներկայացրեց ֆիլմի բովանդակությունը և պատասխանեց ներկաների հարցերին: Նրա խոսքերով` ֆիլմը օրենսդրության դրույթների տեսողական աջակցություն է և դարձնում է դրանք ավելի մատչելի, հասկանալի և կիրառելի: Կրելով ուսումնական բնույթ` ֆիլմը մանրամասն ներկայացնում է նախընտրական և ընտրական գործընթացները, ինչպես նաև տեղամասային ընտրատարածքներում այդ գործընթացների մասնակիցների գործառույթները` դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ՏԸՀ նախագահի, քարտուղարի և այլ անդամների:
Հանրային լսումներ 2007
Ամսաթիվ` 27.12.07
APRA-ն շարունակում է «Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը կառավարման զարգացման գործընթացում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է կառավարման թիրախային ոլորտներում շարունակական երկխոսության և համագործակցության մեխանիզմների ստեղծումը և պատասխանատու կառավարման սկզբունքների խթանումը:
2007 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում իրականացվեցին մի շարք հանրային լսումներ` ուղղված կառավարական որոշումների ընդուման հիմքում հասարակության դիրքորոշման առկայության ապահովմանը: Լսումների թեմաները հասարակական առավել մեծ հնչեղություն ստացած և արդիական հարցեր են:
Լսումներից երկուսը տեղի ունեցան արդարադատության նախարարությունում: Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը լսումների մասնակիցներին ներկայացրեց մի դեպքում ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքի» նախագծի հիմնադրույթները, որոնք կարևորվում են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, մյուս դեպքում` կալանավայրերում հսկողության ձևերը: Նյութերի ամփոփ ներկայացմանը հաջոդում էին ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ, առաջարկություններ:
Հերթական լսումները տեղի ունեցան Երևանի Պետական Համալսարանում: Բանախոսն էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնախնդիրների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Այս անգամ լսումները վերաբերում էին հաշմանդամների խնդիրներին, նրանց ինտեգրմանը հասարակությանը: Բանախոսն ընդգծեց, որ ՀԿ-ների և նախարարության միջև աշխատանքը պետք է լինի գործընկերային, ինչի հետևանքով դրական արդյունքները շոշափելի կդռանան: Հատկանշական է, որ լսումներին ՀԿ-ների ներկայացուցիչներից և լրագրողներից բացի այս անգամ մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողներ:
Դեկտեմբերի վերջին կայացած հանրային լսումների հաջորդ զույգը կրկին արդարադատության ոլորտին էր վերաբերում: Այս անգամ բանախոսը իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանն էր: Մասնագիտացված ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Երևան քաղաքի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը և 2005 թ. տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների գործնական հետևանքները: Քննարկումների ընթացքում նկատվում էր, որ ՀԿ-ները հիմնականում մտահոգված են այսօր գերխնդիր դարձած կոռուպցիայի արմատավորման և կառավարման գործընթացում հանրային մասնակցության ապահովման խնդրով:
Բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները` թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ: Հեռուստատեսային հեռարձակումների և տպագիր հրապարակումների միջոցով հասարակությանը ներկայացվում է քաղաքացիական հասարակության դերի կարևորությունը պետական մակարդակով որոշումներ ընդունելու գործընթացում:
Հիշեցնենք, որ «Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը կառավարման զարգացման գործընթացում» ծրագիրը իրականացվում է APRA-ի և «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի համագործակցությամբ:
Սեմինար Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ
Ամսաթիվ` 09.09.07
2007 թ. սեպտեմբերի 8-ից 9-ը անցկացվեց սեմինար` նվիրված Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին:
Սեմինարի ընթացքում կառավարական գործակալությունների (Գիտության և կրթության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Գիտելիքի թեսթավորման և գնահատման կենտրոն) և ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրին զեկույցներ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հետևյալ թեմաներով`
- Կրթության տեսլական: Կրթության զարգացման ծրագիր:
- Վաղ մանկության զարգացում:
- Բարեփոխումներ հանրակրթական դպրոցում:
- Հանրակրթություն:
- Գիտելիքի թեսթավորման և գնահատման կենտրոնի գործունեությունը:
- Ներառական կրթություն:
- Հատուկ դպրոցի բարեփոխումներ:
- Բարեփոխումներ բարձրագույն կրթական համակարգում:
Զեկույցներին հաջորդեցին քննարկումներ լրագրողների հետ և հարց ու պատասխաններ:
Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտել ֆիլմ «6 հիմնահարց կրթական բարեփոխումների վերաբերյալ», որի առանձին բաժինները ներառում էին նախադպրոցական կրթությունը, տարրական կրթությունը և ավագ դպրոցը:
PR դասընթաց հասարակական կազմակերպությունների համար
Ամսաթիվ` 01.07.07
Հունիսին APRA-ն Եվրասիա Հիմնադրամի հետ համատեղ «Հայաստանի Մայրության կենտրոն» ՀԿ-ի անձնակազմի համար անցկացնրեց «PR հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար» հատուկ դասընթաց: Ծրագրի նպատակն էր` ՀԿ-ի ներկայացուցիչներին տեսական և գործնական գիտելիքներ տալ հասարակայնության հետ կապերի բնագավառում:
Դասընթացները վարում էին հանրային կապերի ոլորտի առաջնակարգ մասնագետներ, որոնք մասնակինցներին ծանոթացրի PR-ի և դրամահավաքության հիմունքներին, սովորացրին կապեր հաստատել դոնորների հետ, շփվել լրագրողների հետ, մշակել կորպորատիվ իմիջ և այլն:
Յուրաքանչյուր թեմայից հետո մասնակիցներին հանձնարարվում էին գործնական առաջադրանքներ, որոնք նպաստում էին ստացված գիտելիքների յուրացմանը և վերլուծությանը: Առաջադրանքները ներառում էին մամուլի մոնիտորինգ, մամուլի հաղորդագրությունների կազմում, կորպորատիվ PR ռազմավարության ստեղծում և այլն:
Հուլիսի 3-ին` վերջին դասընթացից հետո, բոլոր մասնակիցներին հանձնվեցին անվանական վկայականներ` դասընթացն անցնելու մասին:
Ինչպես ծրագրի մասնակիցները, այնպես էլ կազմակերպիչները համոզված են, որ դասընթացն անցել է արդյունավետ և եկրու կողմերը հույս ունեն հետագա համագործակցության:
«Փախստականները Հայաստանում` երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան
Ամսաթիվ` 13.06.07
Հունիսի 13-ին տեղի ունեցավ «Փախստականները Հայաստանում` երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան:
Ներկաներին ողջունեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի նախկին ներկայացուցիչ Պիտեր Նիկոլաուսը և ներկայիս ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան։
Տիկին Հալեպոտան հայտնեց, որ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանյան գրասենյակի գործունեությունը շարունակվելու է միևնույն ռազմավարությամբ և այն այսուհետ կենտրոնացվելու է փախստականների ինտեգրացիայի խնդրին վրա։
ՄԱԿ ՓԳՀ իրավական հարցերով պատասխանատու Արմինե Կարախանյանը ներկայացրեց Հայաստանում փախստականների մասին գործող օրենսդրությունը և մշակման փուլում գտնվող օրանսդրական նախագիծը։ Նա նշեց, որ բացերով և հակասություններով լի օրենսդրական այս ոլորտը կարիք ունի փոփոխման և լրացման և որ այդ գործընթացում ակտիվ մասնակցություն պետք է ունենան ՀԿ–ները։
«Բնակարանների գնման վկայագրերի ծրագիր» զեկույցով հանդես եկավ Միգրացիոն գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանը և պատմեց գործակալության իրականացրած աշխատանքների մասին։
Մասնակիցներին ներկայացվեցին նաև այլ փորձագիտական զեկույցներ։
Զեկույցներից հետո մասնագիտացված ՀԿ-ների ներկայացուցիչները և լրագրողները ծավալեցին քննարկում փախստականների մասին օրենսդրության և նրանց ներկայիս վիճակի շուրջ և հարցեր ուղղեցին ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներին և փորձագետներին։ ՀԿ-ներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ` փախստականների հիմնախնդիրներին առնչվող ծրագրերի շրջանակներում:
Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակը, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) և Panorama.am խմբագրությունը:


