Նորություններ և իրադարձություններ

Հանրային քննարկումներ` «Ընտանեկան բռնություն: Կինը և ընտանիքը»

Ամսաթիվ` 25.01.08

«Կանայք և հասարակությունը» ծրագրի շրջանակներում հունվարի 25-ին «Panorama.am» ակումբում APRA-ն նախաձեռնել էր հանրային քննարկումներ` «Կինը և ընտանիքը» և «Ընտանեկան բռնություն» թեմաներով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:
Ընտրված առաջին թեմայի շրջանակներում մասնակիցները հիմնականում անդրադարձան ընտանիքին` որպես հասարակության մասնիկ, հաշվի առնելով դրա բոլոր անդամների դերակատարումները: Քննարկվեցին ընտանիքում կնոջ դերի ավանդական մոտեցումները և ժամանակի թելադրանքով դրա փոփոխությունը:
«Ընտանեկան բռնություն» թեմային անցնելիս` փորձագետները ներկայացրին բռնության տեսակների դասակարգումը, հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ ի տարբերություն ֆիզիկական բռնության, այսօր հոգեբանական և տնտեսական բռնությունը դժվար չափելի է և այդ պատճառով ոչ միշտ է պատժվում: Ինչպես նշեց քննարկումները վարող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնախնդիրների բաժնի պետ Արմինե Թանաշյանը` «Նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ կա գենդերային հավասարություն, բռնությունների կանխարգելման ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքների չեն հասել»:
Քննարկումներին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը, ՀՀ ԱՍՀՆ կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրապյանը, ՀՀ ԱՍՀՆ հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանը, հոգեբան Նաիրա Սահակյանը, «Հայաստանի մայրության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Ասլանյանը: Ներկա էին ՀՀ ԱՍՀՆ այլ մասնագետներ, ՀԿ սեկտորի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ:

< Ետ դեպի ցուցակ