Նորություններ և իրադարձություններ

Հանրային քննարկում` «Կինը և առողջապահությունը»

Ամսաթիվ` 18.04.08

Շարունակվում է «Կինը և հասարակությունը» նախագիծը:
2008 թ. ապրիլի 18-ին «Panorama.am» ակումբում տեղի ունեցավ ծրագրի վերջին հանրային քննարկումը` նվիրված առողջապահության խնդիրներին:
Քննարկումը վարում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում վերհանված առողջապահական մի շարք գենդերային հիմնախնդիրներ ներկայացրեց ՀՀ ԱՍՀՆ հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Արմինե Մխիթարյանը: Ի թիվս բազում խնդիրների մասնավորապես նշվեցին սեռավարակները, որտեղ կանայք միանշանակ ավելի մեծ տոկոս են կազմում, հղիության արհեստական ընդհատումը, որն առաջացնում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան և սոցիալական հետևանքներ, հաշմանդամությունը և տրավմատիզմը, որտեղ ավելի մեծ տոկոս կազմում են տղամարդիկ: Թեև ուսումնասիրություններով փորձ էր արված պարզել, թե տարբեր հիմնահարցերի պարագայում ինչպիսին է կանանց և տղամարդկանց տոկոսային հարաբերակցությունը և որ սեռի պարագայում են խտրականության դեպքերն ավելի շատ, այնուամենայնիվ, ըստ Արմինե Մխիթարյանի` վիճակագրական տվյալները խորքային բացատրություններ են պահանջում, քանի որ Հայաստանում այսօր առկա է դիմելիության խնդիրը` բժիշկներին հաճախ դիմում են անանուն, գերադասելով մասնավոր կոնսուլտացիաները և մասնավոր բուժումը, ինչը խաթարում է վիճակագրական տվյալների հավաստիությունը:
Ինչ վերաբերում է առողջության սուբյեկտիվ գնահատմանը` տղամարդկանց պարագայում գնահատականները 20-25 %-ով ավելի բարձր են, քան կանանցը:
Քննարկվեցին նաև հոգեկան առողջությանը վերաբերող հարցեր, մանկական տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ, որոնց ենթարկվածների 88 %-ը տղամարդիկ են, ովքեր մանկուց չեն կարողանում համապատասխանել կարծրատիպերին, այս երևույթը նաև հաշմանդամություն է առաջացնում: Քննարկմանը ներկա հոգեթերապևտի պնդմամբ` բազմաթիվ ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների հիմքում ընկած են ընտանեկան բռնությունները և ստրեսը:
Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանը` ՄԱԿ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ ոչ մի օրենք ի սկզբանե չի առաջացնում գենդերային խտրականություն: Օրենքները բոլորին տալիս են հավասար իրավունքներ, սակայն մեխանիզմներ է պետք մշակել բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու համար: Գյուլնարա Հովհաննիսյանը խնդրո առարկա ոլորտում կարևորեց նաև բնակչության և որոշումներ ընդունողների իրազեկումը:

< Ետ դեպի ցուցակ