Նորություններ և իրադարձություններ
Երեխաների իրավունքներին նվիրված դասաժամի սցենարների մրցույթ
Ամսաթիվ` 14.09.08
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների իրավունքները՝ նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավի շրջանակներում հայտարարում է Երեխաների իրավունքներին նվիրված դասաժամի սցենարների մրցույթ` հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Նյութերի ընդունման ժամկետն է` ս. թ. սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 17-ը:
Մասնակցության կարգը
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչները: Այլ աղբյուրներից արտատպած աշխատանքները մրցույթին ներկայացնել չի կարելի:
Աշխատանքներին ներկայացվող պահանջները.
Նյութերը պետք է ներկայացվեն տպագիր կամ էլեկտրոնային տարբերակներով (Word ֆորմատով (*.doc, *.rtf) Windows-ի համար):
Դասընթացի սցենարը կարող է նախատեսված լինել հանրակրթական դպրոցի ցանկացած տարիքային խմբի համար` հեղինակի ընտրությամբ:
Համապատասխան հղումները պետք է կատարվեն տողատակերում, իսկ օգտագործված գրականության և տեղեկատվական աղբյուրների ցանկը դրված լինի աշխատանքի վերջնամասում: Էջի սկզբնամասում մասնակիցը պետք է նշի իր անձնական տվյալները (մարզը, քաղաքը/գյուղը, դպրոցի համարը, անունը, ազգանունը և հեռախոսահամարները): Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն երեք տպագիր էջից ոչ ավել:
Մրցութային չափանիշները.
Ներկայացված սցենարները գնահատվելու են` ելնելով առաջադրված հիմնական թեմայի` մրցույթի ընդհանուր թեմային համապատասխանությունից, բացատրությունների և փաստարկների որակից: Աշխատանքների գնահատման հիմնական չափանիշներն են` դասաժամի արդյունավետությունը, մատուցվող նյութի մատչելիությունը և համապատասխանությունը տվյալ տարիքային խմբին, աշակերտների ներգրավվածության աստիճանը, դասի անցկացման հետաքրքրության աստիճանը, կատարված ուսումնասիրությունների խորությունը, հեղինակի կողմից առաջադրվող նոր մոտեցումը, շարադրման որակը (ոճը, գրագիտությունը, կառուցվածքը):
Գնահատումը.
Հաղթողներին կընտրի հեղինակավոր փորձագետներից բաղկացած անկախ հանձնաժողովը, որում կընդգրկվեն փորձագետներ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:
Մրցանակները.
Հինգ լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն հավաստագրերով և արժեքավոր նվերներով:
Ծրագրի շարունակականությունը.
Մրցույթում հաղթած սցենարների հիման վրա կանցկացվեն դասաժամեր, որոնք կնկարահանվեն:
Նյութերը ներկայացնել Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա: Հասցե` ք. Երևան, Խանջյան 35-18, hեռ.` (374 10) 58 25 61, էլ. փոստ` info@apra.am կամ
ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն: Հասցե` ք. Երևան, Կառավարության III շենք, 611 սենյակ, Նարինե Մնացականյանին կամ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, ք. Երևան, Պետրոս Ադամյան 14, Էմիլ Սահակյանին:


