Նորություններ և իրադարձություններ

Ինչպես փրկել բրենդի հեղինակությունը PR-սկանդալի դեպքում

Ամսաթիվ` 22.06.18

Վերջերս Facebook-ն ունեցավ իր պատմության ամենամեծ սկանդալներից մեկը՝ միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված: Այնուամենայնիվ, ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին հաջողվել է հարթել խնդիրը: Նա ԱՄՆ-ի Սենատի առաջ հանդես է եկել բացատրություններով, ինչի արդյունքում ներդրողները հավատացել են նրա խոսքերին, և Facebook-ի բաժնետոմսերի գինը կրկին աճել է:

Ահա ևս մի քանի օրինակ, թե ինչպես են խոշոր ընկերությունների ղեկավարները հաղթահարել PR-սկանդալները:


Adidas-ը և անհաջող նամակը

2017 թվականին Adidas ընկերությունը իրականացրել է մարքեթինգային արշավ, որի շրջանակներում Բոսթոնյան մարաթոնի մասնակիցներին ուղարկել է նամակ հետևյալ վերնագրով՝ «Շնորհավորում ենք, Դուք ողջ եք մնացել Բոսթոնյան մարաթոնի ժամանակ»: Մարքեթոլոգները չէին մտածել այն մասին, որ նման արտահայտությունը կարող էր տհաճ հիշողություններ արթնացնել 2013 թվականի Բոսթոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած տեռակտի մասին:

Adidas-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Կալպը անմիջապես ընդունել է իրենց սխալը, երբ մի քանի հաճախորդներ մատնացույց են արել տեղի ունեցածը: «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում,- հայտարարել է նա ընկերության անունից: -Երեքշաբթի մեր կողմից ուղարկված նամակի ոչ կոռեկտ վերնագիրը ընտրվել է միանգամայն առանց որևէ միտումի: Մենք խորապես ցավում ենք մեր սխալի համար»: Մարիա Կալպը ներողություն է խնդրել տեղի ունեցածից անմիջապես հետո, ինչի շնորհիվ ընկերությանը հաջողվել է խուսափել խոշոր սկանդալից:


Virgin Galactic-ի թռիչքը սարսափելի վթարից հետո

2014 թվականին Virgin Galactic-ը իրականացրել է տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված տիեզերանավի փորձնական մեկնարկ: Թռչող սարքը վթարի է ենթարկվել Մոհավե անապատում, ինչի արդյունքում օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել: Դժբախտ պատահարի մասին տեղեկանալուց հետո ընկերության ղեկավար Ռիչարդ Բրենսոնը, մինչ պատրաստվում էր մեկնել դեպքի վայր և հանդիպել տուժածների հետ, կարճ հաղորդագրություն է գրել, որտեղ հայտնել է իր խորին ցավակցությունները:

Բրենսոնը հետագայում երկար հրապարակում է արել, որտեղ պատմել է, թե ինչ աստիճանի է նրան ցնցել այս վթարը: Նա բացատրել է իրավիճակը և տեղեկացրել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու ապագայում նման դեպքերից խուսափելու համար: Այդ հրապարակման մեջ Բրենսոնը ի ցույց դրեց իր մարդկայնությունը: Նա անմիջապես և անկեղծորեն արձագանքել է իրավիճակին, թողել է բոլոր գործերը՝ դեպքի վայր մեկնելու և ընկերության անունից առերես պատասխան տալու համար:

< Ետ դեպի ցուցակ