Մամուլը մեր մասին
Ուշադրություն: Մեր կայքի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրապարակումները չեն համընկնումԿադմիուսով սուրճ կխմե՞ք
Ամսաթիվ` 16.10.04
Միգուցե կապարով կամ օսլայո՞վ եք նախընտրում
«Առավոտ»
Շուկայում այս պարունակության աղացած սուրճի փաթեթներ, իրոք, գոյություն ունեն: Եվ մի շարք ընկերություններ այսօր սուրճ են արտադրում, իրացնում, լայնածավալ գործունեություն իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց արտադրանքը չի համապատախանում ՀՀ պետական ստանդարտներին: Ավելի կոնկրետ՝ սուրճի անվան տակ սպառվող իրենց արտադրածը խմելու ենթակա չէ:
Մեր հավաստի տեղեկություններով, անգամ դա հաստատող փորձագիտական եզրակացություններ կան: Պետստանդարտը չէ, որ պատվիրել է այդ փորձաքննությունները: Թե ումն է սուրճերը փորձաքննության ենթարկելու նախաձեռնությունը, առայժմ մեզ հայտնի չէ, սակայն եզրակացություններն արդեն պատրաստ են, ընդ որում՝ ամենաուշագրավ գնահատականներով: Այդ փաստաթղթերին, ըստ մեզ հասած տեղեկությունների, համապատասխան ընթացք է տրվելու: Այդ եզրակացություններում միակ մխիթարական կետն այն է, որ սուրճերը համապատասխանում են սննդային ապրանքներին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, ինչը տվյալ դեպքում էական նշանակություն չունի: Այսպես՝ մեր աղբյուրի տվյալներով, փորձաքննության են ուղարկվել քսանից ավելի տեսակի սուրճեր, որոնցից բացասական եզրակացություններ են ստացվել տասից ավելիի վերաբերյալ: Ավելի ստույգ՝ փորձագետները որոշել են, որ դրանք ոչ լիարժեք ապրանքատեսակ են եւ սպառման համար ոչ պիտանի սննդամթերք, ընդ որում դրանցից մի քանիսը՝ բավականին հայտնի ֆիրմաների արտադրության:
Առայժմ խախտումներ թույլ տվող ֆիրմաների անունները չենք նշում: Մեր աղբյուրի վերլուծությամբ, առկա են մի քանի տեսակի խախտումներ: Դրանցից ամենավտանգավորը թունավոր նյութերի առկայությունը կամ նորմայի գերազանցումն է: Սուրճերից շատերում առկա են կապար (Pb) եւ կադմիում (Cd) թունավոր նյութերը, որոնք նորման գերազանցում են երկու, ութ, տասը, տասնհինգ եւ ավելի անգամ: Մասնագետների վկայությամբ, այդ թունավոր նյութերի մշտական օգտագործումը առաջացնում է աղեստամոքսային տրակտի, մարսողության, լյարդի ցիրկուլյացիայի, երիկամների ֆունկցիաների խանգարում, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղ: Ամենավտանգավորն այն է, որ այդ ծանր մետաղները մուտագեն հետեւանքներ են ունենում: Փորձագետները հայտնաբերել են նաեւ օսլա, որի պարունակությունը սուրճերի մեջ ընդհանրապես նախատեսված չէ: Հասկանալի է, որ օսլան հենց այնպես չեն վերցրել եւ խառնել սուրճին: Պարզ է, որ այն սուրճի մեջ հայտնվել է որպես հացահատիկ, որը բոված եւ աղացած վիճակում չի տարբերվում սուրճից: Այստեղից էլ ռեբուսի պատասխանը, թե ինչպես են ֆիրմաները կարողանում 100 գրամանոց սուրճը վաճառել 150-200 դրամով, եւ եկամտի այդ շրջանակներում «տեղավորել» ապրանքի ինքնարժեքը, հարկերը, տրանսպորտային ծախսերը, եւ եկամուտ էլ ստանալ: Սուրճերից մեկում էլ գերազանցել են մոխրայնությունը, պակասեցրել կոֆեինի զանգվածային մասը: Խախտումների մյուս տեսակը թերի մակնշումներն են. փաթեթների վրա հիմնականում բացակայում է արտադրման ժամկետը, տեսակը:
Մեր աղբյուրը հաղորդեց, որ այս փորձաքննությունները պատվիրելիս նախաձեռնողները չեն էլ պատկերացրել կամ ակնկալել, որ նման բացահայտումներ կանեն: Այժմ պարզելով, որ հայտնաբերվածը յուրաքանչյուրի առողջությունն է վտանգում, պատրաստվում են անգամ հրապարակել դրանց արդյունքները, ինչը սկանդալ է խոստանում, ընդհուպ մինչեւ իրավական հետեւանքները:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ
28_04_2004
ՄԻԳՈՒՑԵ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՉՍԱՀՄԱՆԵ՞ՆՔ
«Առավոտ»
Այս օրերին թունավոր սուրճի հետ կապված ողջ պատմության մեջ Պետստանդարտն ամենասխալ պահվածքն ընտրեց: Որակի պետական տեսչությունը փորձեց հերքել «Հայաստանյան PR ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից թունավոր սուրճի հայտնաբերման փաստը, զուգահեռաբար իր տարակուսանքն արտահայտեց նաեւ փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ, ԶԼՄ-ներին հայտնելով, որ իրենց տեսչությունը հատուկ ռեժիմով կաշխատի ու նոր փորձաքննություններ կնշանակի:
Ընդ որում, նոր փորձաքննությունները նշանակվել են Որակի ազգային եւ Առողջապահության ազգային ինստիտուտներում: «Առավոտի» հարցին, թե արդյոք կասկածու՞մ է հկ-ի ուսումնասիրության արդյունքներին կամ Փորձագիտական պետական կենտրոնի փորձագետների պրոֆեսիոնալիզմին, քանի որ նոր փորձաքննություններ է նշանակել, Որակի պետական տեսչության պետ Աշոտ Մանուկյանն ասաց. «Ես նման բան չասացի, պարզապես համոզվելու համար ենք անում»: Պարոն Մանուկյանն ավելացրեց, որ խնդրո առարկա սուրճերից մեկի վերաբերյալ Առողջապահության ազգային ինստիտուտից արդեն իսկ ստացվել են արդյունքներ, որոնք չեն հաստատում թունավոր նյութերի պարունակության` փորձագետների պնդումը: Ինչից տեսչության պետն ակնհայտորեն բավարարված էր: Սակայն հիշատակված փորձագիտական ակտը «Առավոտի» խմբագրությանն էլ է տրամադրվել: Դրանում փորձագետները նշել են, որ հիշատակված (մենք դեռեւս ձեռնպահ ենք մնում սուրճի տեսակների անունները հրապարակելուց) սուրճն, այնուամենայնիվ, չի համապատասխանում կոֆեինի պարունակության պետական ստանդարտին:
Այսինքն, պարոն Մանուկյանի հիշատակած ակտն, այնուամենայնիվ, հաստատում է, որ գործ ունենք խախտված պետական ստանդարտների հետ: Մինչդեռ, տարվելով այն հանգամանքով, որ Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետները տվյալ սուրճում թունավոր մետաղի՝ կադմիումի պարունակության խախտում չեն հայտնաբերել, մեր երկրում սահմանված պետական ստանդարտների գլխավոր հսկողն ու պաշտպանողը անտեսում է անհամապատասխանությունը: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում Աշոտ Մանուկյանն իր տարակուսանքը բացատրեց նաեւ նրանով, որ այդ ուսումնասիրություններն ու փորձաքննություններն «առանց մեզ են արվել: Բացի այդ, փորձաքննության համար մեկ տուփ սուրճը բավական չէ, ուստի ես կասկածում եմ, որ հասարակական կազմակերպությունը ֆինանսական հնարավորություն կունենար այդքան քանակությամբ սուրճ փորձաքննության տալու»: Բացի այդ, պարոն Մանուկյանենց «փորձը ցույց է տվել, որ հաճախ նույն արտադրանքի՝ երեք տարբեր լաբորատորիաների եզրակացությունները չեն համապատասխանել»: Պարոն Մանուկյանը նշեց նաեւ, որ իրենց տեսչությունն էլ է ժամանակին սուրճի եւ այլ սննդամթերքի շուկաներում ուսումնասիրություններ անցկացրել, բայց 55 հոգով ամբողջ հանրապետության շուկաների սննդատեսակները չեն կարող ստուգել:
Բայց խնդիրը քանակը չէ, աշխատանքի որակն է. տվյալ դեպքում տեսչությունը համարում է, որ կոֆեինի ստանդարտի անհամապատասխանությունն էական չէ, որովհետեւ, ասենք, թույն չի հայտնաբերվել: Նույն տրամաբանությամբ, կարելի է ընդհանրապես ստանդարտներ չսահմանել: Իսկ ի՞նչ է նախատեսվում անել այն դեպքերում, երբ իրար հակասող եզրակացություններ են տրվում: Մասնագետները մեզ բացատրեցին, որ նախ, եթե նույն ապրանքի ստուգողական փորձաքննության մասին է խոսք գնում, ապա պարտադիր է միեւնույն նմուշից տալ փորձաքննության: Այսինքն նրանից, որն այժմ կնքված է եւ գտնվում է ասոցիացիայի մասնագետների մոտ: Մինչդեռ այս պայմանն արդեն իսկ պահպանված չէ: Երկրորդ, փորձագետի սխալ, կողմնակալ կամ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Երրորդ, ստացվում է, որ հիմա փորձագետների՞ն էլ վստահել չի լինի:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ
07_05_2004
ՍՈՒՐՃ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆԵՆ
«Առավոտ»
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնեցին, որ հանձնաժողովն ուսումնասիրել է «սուրճի» ապրանքային շուկան, որի ընթացքում հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության դրսեւորման մի շարք դեպքեր:
Ուսումնասիրության ընթացքում հանձնաժողով է ներկայացվել «Հայաստանյան PR ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից սուրճի շուկայում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկատվություն, այդ թվում՝ փորձաքննությունների արդյունքները: Հանձնաժողովի տեղեկացմամբ, փորձաքննության ներկայացված սուրճի արտադրատեսակները մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներին, սահմանված ստանդարտներին, սննդային արժեքի հիգիենիկ նորմերին, ուստի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կից գրությամբ նյութերն ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչությանը եւ ՀՀ որակի տեսչությանը, քանի որ նշված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է հենց այդ մարմիններին: Միաժամանակ, հաշվի առնելով, որ խնդիրն առնչվում է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը, ձեռնարկված միջոցառումների մասին տվյալ մարմինները պետք է տեղյակ պահեն հանձնաժողովին: Իսկ հանձնաժողովի եւ «Հայաստանյան PR ասոցիացիայի» կողմից հայտնաբերված անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների փաստերով մայիսի 25-ին տեղի կունենա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որին պարզաբանումներ, տեղեկություններ ներկայացնելու համար հրավիրվել է նաեւ սուրճի շուկայում գործող 9 տնտեսվարող սուբյեկտ:
11_05_2004
ՔԵՌԻՆ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
«Առավոտ»
Թունավոր սուրճի հետ կապված աղմկոտ պատմությունից հետո ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայտարարեց, որ նյութեր են նախապատրաստվում (հավանաբար քրեական գործ հարուցելու համար): Սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, գնահատենք, թե այս գործում ինչ առավելագույն արդյունք կապահովի դատախազությունը:
Նրա հավանական «զոհը» կարող են լինել կամ Որակի պետական տեսչությունը, կամ թունավոր սուրճ արտադրողներին պետական ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկատ տված լաբորատորիաները (շուրջ երկու տասնյակ ձեռնարկություններ), կամ էլ հենց թունավոր սուրճ արտադրած տնտեսվարողները, կամ սրանք՝ միասին: Այսքանից հանենք նրանց, ում դատախազությունը չի դիպչի. մեր հավաստի աղբյուրների տվյալներով, Որակի պետական տեսչության պետը իր վերադասի՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի քեռին է: Ուստի, դատախազությունը հեշտությամբ կհիմնավորի, որ այս գործում որակի տեսչությունը պարտավոր չէր կամ ստուգել, կամ արգելել թունավոր սուրճերի մուտքը շուկա եւ այլն: Ինչ վերաբերում է լաբորատորիաներին, որոնք այդ արտադրատեսակներին արտադրանմուշի փորձարկման արձանագրություններ են տվել (ի դեպ, 99 տոկոս դեպքերում արտադրանմուշը ներկայացվել է արտադրողի կողմից), ապա չնչին բացառություններով դրանք արվել են Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից:
Ի դեպ, Որակի պետական տեսչության պետի խոսքերով, հենց այդ ինստիտուտին էլ վերապահվել է, այսպես կոչված, ստուգողական փորձաքննության գործը, որին ոչ գործնականում, ոչ էլ տեսականորեն ձեռնտու չէ հաստատել սուրճերում թունավոր նյութերի պարունակության վերաբերյալ Փորձագիտական կենտրոնի եզրակացությունները: Խնդիրն այն է, որ դրանք հաստատելով, Առողջապահության ազգային ինստիտուտը մեխանիկորեն պետք է ընդունի, որ նախկինում սխալվել է: Բացի այդ, կկորցնի «մշտական հաճախորդներին»: Այստեղից՝ լաբորատորիայի եւ բոլորը միասին պատժվելու տարբերակները եւս դուրս են գալիս: Մնում են տնտեսվարողները, որոնց գործունեությանը ուժային մարմինների միջամտությունը ավելի հեշտ է, բայց տիպիկ է Խորհրդային միության տարիներին ու տնտեսությանը: Այն ժամանակ, ի դեպ, այդպիսի գործերն ավարտվում էին դատախազության համար սահմանված կաշառքի գանձումով եւ գործը փակելով:
Ա. Ու.
14_05_2004
ՍՏՈՒԳԱՅՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
«Առավոտ»
Մայիսի 27-ին «Հայաստանյան PR ասոցիացիան» կազմակերպել էր երթ՝ դեպի երեւանյան շուկաներ, նպատակ ունենալով հենց շուկաներից գնել սուրճ եւ ուղարկել լաբորատորիա, ստուգելու այդ արտադրատեսակների՝ Սննդի անվտանգության մասին օրենքին համապատասխանությունը:
Ակցիային մասնակցում էին լրագրողներ, որոնք իրենց հայեցողությամբ գնեցին մոտ 25 անուն սուրճի տեսակներ: Ուսումնասիրությունների ժամանակ սուրճի փաթեթների մեծ մասի վրա նշված չէր կամ արտադրման, կամ պիտանիության ժամկետը: «Ասոցիացիայի խնդիրը ժամկետանց սննդի բացահայտումը չէ, այլ ստիպելը, որ համապատասխան մարմիններն աշխատեն իրենց տեղերում, օրինակ՝ սանէպիդկայանը գա, բացահայտի խախտումը եւ արգելի ժամկետն անցած սննդի վաճառքը»,- հայտնեց ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը:
Գնված սուրճի տեսակներից լրագրողների ընտրությամբ մի քանի փաթեթ սուրճ ուղարկվեց ստուգման: Ընդ որում, օբյեկտիվությունը պահպանելու համար այդ նույն սուրճերից կուղարկվեն միաժամանակ տարբեր լաբորատորիաներ եւ պատասխանները ստանալուց հետո արդյունքները կհամադրվեն ու պարզ կդառնա դրանց վնասակարության աստիճանը: Պարոն Սաղաթելյանը ասաց, որ այս գործի վերահսկողությունը կհանձնվի Հետաքննող լրագրողների ընկերակցությանը:
ԱՐՓԻՆԵ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
28_05_2004
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ
«Առավոտ»
Պարզվում է, շուկա մտնող սննդամթերքի ցածր որակի խնդրում գյուղատնտեսության նախարարությունն էլ իր ծանրակշիռ «ներդրումն» ունի: Այլ կերպ ասած, շուկայում առկա այսքան անորակ սննդատեսակների գոյության փաստի գլխավոր մեղավորներից մեկն էլ գյուղատնտեսության նախարարությունն է:
Սա բխում է դեռեւս 2000 թվականի ապրիլի 4-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումից, որով գյուղնախարարությանը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ է վերապահվել: Որոշումը մասնավորապես սահմանում է. «Սննդամթերքի անվտանգության՝ արտադրության տեխնոլոգիայի պահպանման, պահանջվող սարքավորումների, անասնաբուժական եւ բուսասանիտարական նորմերի ապահովման պետական վերահսկողության լիազորությունները վերապահել ՀՀ գյուղատնտեսության եւ բնօգտագործման նախարարությանը»: Թեեւ ընդունված է համարել, որ ապրանքատեսակի որակը պետք է հսկի Որակի պետական տեսչությունը եւ Սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը, իրականում, պարզվում է, այդ խնդրով պարտավոր են զբաղվել մի շարք մարմիններ եւս:
Տեսականորեն միայն տեխնոլոգիայի պատշաճ պահպանման, ինչպես նաեւ արտադրական ցիկլը ապահովող արտադրամիջոցների առկայության պայմաններում է ստացվելու այն արտադրանքը, որը թույլատրել են համապատասխան մարմինները: Այդ թվում, փաստորեն, բավականին լուրջ անելիքներ ունի գյուղնախարարությունը: Գուցե պետական գերատեսչությունները գլուխ չեն հանում՝ ով ում պետք է վերահսկի: Բայց կառավարության վերոհիշյալ որոշումը գյուղնախարարությանը, շահագրգիռ նախարարություններին եւ գերատեսչություններին նաեւ կոնկրետ հանձնարարություն է տվել. «Մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության կարգի մասին»: Թե արդյոք շուրջ 4 տարվա ընթացքում գյուղնախարարությունը կատարե՞լ է կառավարության այդ հանձնարարությունը, պարզել չհաջողվեց՝ մեզանից անկախ պատճառներով: Համենայնդեպս, դրական պատասխան էլ չստացանք: Այս կարգը չներկայացնելը թերեւս այդ նախարարության ամենամեծ մեղքը չէ. ավելի կարեւոր է այն, որ անորակ, թունավոր, անթույլատրելի պայմաններում արտադրված, պետական մի շարք ստանդարտների չհամապատասխանող սննդամթերքը շուկա է դուրս գալիս, որը հետո «հավաքելը», «չեզոքացնելն» անհամեմատ դժվար է: Ի դեպ, ասվածի ապացույցը հենց շուկայում է: Բացի այդ, ընդամենը վերջերս «Հայաստանյան PR ասոցիացիան» ու Հարկային պետական ծառայությունն ապացուցեցին, որ արտադրության անթույլատրելի տեխնոլոգիաներով սուրճ է արտադրվել՝ անգամ հեռուստադիտողները կարող էին տեսնել, որ աղացած սուրճը պահվում էր ցինկապատ մետաղյա տարաներում, իսկ տեղյակները հայտնում են, որ որոշ սուրճի արտադրամասերում բովման եւ հովացման գործընթացներն իրականացվում են ասբեստե թիթեղների վրա: Ականատեսները վկայում են, որ կաթնամթերքի արտադրությունը ոչնչով չի զիջում սուրճին: Նույնն է ալկոհոլային խմիչքների արտադրության վիճակը:
Մեր տեղեկություններով, որոշ դեպքերում արտադրատեսակների վրա գործնականում չի էլ կարող արտադրության ժամկետ դրոշմվել, քանի որ համապատասխան սարքավորում չունեն արտադրողները: Ի դեպ, գյուղնախարարության գործը վերջերս մասամբ իրականացրել է վարչապետի վերահսկողական ծառայությունը: Ինչպես տեղեկացանք, սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ այս ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում համապատասխան առաջարկ է ներկայացրել: Բայց տրամաբանորեն, եթե գյուղնախարարությունը, որակի եւ սանիտարահիգիենիկ տեսչություններն իրենց գործով զբաղվեին, վարչապետի վերահսկողականն ստիպված չէր լինի նրանց գործն անել:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ
01_06_2004
ՄԵԶԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ
«Առավոտ»
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ասուլիս էր հրավիրել Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստի արդյունքների առիթով: Սակայն առիթ չէր եղել անմիջականորեն այս նախարարությանն առնչվող մի շարք զարգացումների վերաբերյալ նրա մեկնաբանություններն ստանալ, ուստի երեկվա առիթն օգտագործվեց:
Բայց նախ կոմիտեի նիստի մասին, որտեղ ինչպես պարզվեց, քննարկվել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ խնդիրներ: Ըստ նախարարի. «հարցադրումները հիմնականում վերաբերում էին ընտրություններից հետո Հայաստանում ընթացող պրոցեսներին»: Տեսակետներ են եղել, որ՝ «այն քաղաքական կուլտուրան, որն անհրաժեշտ է ընդհանրապես այս կարգի խնդիրները լուծելու համար ավելի բարձր մակարդակի վրա գտնվի (Հայաստանը)»: Որ, իրոք, քաղաքական մշակույթի պակաս է եղել, «եվրոպական կողմն էլ համաձայնեց»: Սակայն կոնկրետացումներ չեն եղել, որովհետեւ դիրքորոշում արտահայտելու ֆորմալ պահանջ չի եղել: Իսկ ատոմակայանը փակելու Եվրամիության պահանջն ու հետագա զարգացումները պարոն Ճշմարիտյանն այսպես վերաձեւակերպեց. «նրանց անհանգստությունը նրանում է, որ փակելու խնդրի առաջ Հայաստանը չմնա ստիպված եւ առանց ֆինանսավորման աղբյուրի»:
Գույք պարտքի դիմաց բանաձեւով ՌԴ-ին հանձնված ձեռնարկություններում, ըստ էության, այս պահի դրությամբ ներդրումներ չեն արվել (այս խնդիրը ՌԴ կառավարության առաջ բարձրացրել է նաեւ ՀՀ նախագահը), թեեւ նրանցից 2-3-ը աշխատում են: Ավելին, ներկայացված չեն անգամ ներդրումային ծրագրերը:
Սակայն առավել ուշագրավ էին այս նախարարության ենթակայությամբ գործող Որակի պետական տեսչության շուրջ վերջին բացասական զարգացումների վերաբերյալ Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությունները:«Առավոտի» հարցին պատասխանելով նախարարն ընդունեց, որ արտադրություններ հիմնելիս, բավականաչափ ուշադրություն չի դարձվել (պետական մարմինների կողմից) որակի եւ հիգիենիկ պահանջների բավարարմանը: Այդ խնդրի լուծման ուղին հետեւյալն է, ըստ նրա. «պետք է մամուլը, սպառողների միությունը եւ բոլորս իրար հետ դառնանք պահանջատեր»: «Հարցին նայում եմ ընդհանուր քաղաքականության տեսանկյունից: Որակի տեսչությունը ընդամենը մեր նախարարության ստորաբաժանում է, եւ բոլոր մարդկային մեղքերի մեջ մեղադրել մի ստորաբաժանման»,- իր նախարարությանը վերապահված գործառույթի չկատարումը մեկնաբանեց նախարարը: Ընդհանրապես, պարոն Ճշմարիտյանը գտնում է, որ «սա լրջագույն խնդիր է, այսինքն՝ եւ շուկային է հարվածում, եւ նրանց, ովքեր այսօր որոշակի գումարներ են ծախսում, որպեսզի որակը կարողանան ապահովել»: Իսկ որակի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար նախարարը շնորհակալություն հայտնեց «Հայաստանյան PR ասոցիացիային», որի հրապարակած՝ թունավոր սուրճերի վերաբերյալ տվյալներն, ի դեպ, ի տարբերություն որակի տեսչության պաշտոնյաների, չհերքեց:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ
09_06_2004
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ «ԹԵԼԵՊԼԱՍԻՆ»
«Առավոտ»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը պատմական որոշում կայացրեց՝ բավարարել քաղաքացուհի Քրիստինե Տերյանի հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի: Հունիսին սկսված այս դատավարությունը մեծ հնչեղություն ստացած «Թելեպլաս» ընկերության մատուցած ծառայությունների դեմ առաջին գործն էր:
Որպես պատասխանող կողմ սկզբում հանդես էին գալիս «Թելեպլասը» եւ «ԱրմենՏելը», բայց գործի քննության ընթացքում դատարանը վերջինիս ճանաչեց որպես միակ պատասխանող: Մի քանի ամիս ձգված դատավարության ընթացքում հայցվորի փաստաբան Դավիթ Սանդուխչյանը փոխեց նաեւ հայցապահանջի կազմը. եթե սկզբում Ք. Տերյանը դատարանից խնդրում էր անվավեր ճանաչել «Թելեպլասի» հետ ունեցած գործարքը, ապա գործի հանգամանքները թույլ տվեցին նրա փաստաբանին դրա փոխարեն «ԱրմենՏելից» պահանջել իր կրած վնասի փոխհատուցում: Գումարը կազմում է շուրջ 100 հազար դրամ: Դատարանը վճռեց պարտավորեցնել «ԱրմենՏելին»՝ հատուցել քաղաքացուհուն այդ գումարն ու վերականգնել հուլիսից անջատված հեռախոսակապը: Վստահ կարելի է ասել, որ «ԱրմենՏելը» չի շտապի կատարել դատարանի վճիռն ու կդիմի վերաքննիչ դատարան, որովհետեւ նախ՝ «Թելեպլասի» գործով առաջին ատյանի դատարանում քննության վերցված 20 գործին պատրաստ են հետեւել հարյուրավորները (անհամեմատ ավելի մեծ գումարային պահանջներով): Մինչեւ վերջ պատրաստվում է հայցվոր քաղաքացիներին օգնել նաեւ այս պայքարի նախաձեռնության հեղինակը՝ «Հայաստանյան PR ասոցիացիան»:
11_10_2003
«Սպառողների միությունը» կոչ է անում արտադրողներին սուրճի շուկայում սկսկել համատեղ ուսումնասիրություն
Ամսաթիվ` 03.05.04
«Իրավունք»
«Հասարակայնության հետ կապերի ասոցիացիան» օրերս պաշտոնապես խոսելով հայաստանյան սուրճի շուկայի որակական խնդիրների մասին եւ հայտարարելով, որ սննդամթերքի որակի հարցերով զբաղվելն իր հիմնական առաքելությունը չէ՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքները փոխանցեց տվյալ դաշտում գործունեություն ծավալած կառույցներին՝ մասնավորապես «Սպառողների միություն» հասարակական կազմակերպությանը՝ սուրճի շուկայում ուսումնասիրությունները շարունակելու եւ առկա խնդիրների լուծմանը հնարավորին չափ նպաստելու առաջարկով:
Ըստ այդմ, ի՞նչ զարգացումներ են սպասվում մեր սուրճի շուկայում, ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու «Սպառողների միությունը»: Այս հարցերը դարձան միության նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցի հիմնական թեման: «Նախ մեզ համար շատ հաճելի էր, որ եւս մեկ կազմակերպություն գործնական քայլ կատարեց որակի առումով սպառողների շահերը պաշտպանելու ուղղությամբ: Այդ քայլը կարծում եմ արդեն իսկ բավականին զգաստացրեց մեր արտադրողներին՝ վերջիններիս ստիպելով շատ ավելի լրջորեն մտածել իրենց արտադրանքի որակի մասին: Ըստ այդմ, մի փոքր առաջ ընկնելով՝ ուզում եմ կարծիք հայտնել, որ արդյունքում հայրենական սուրճի շուկան, որակական առումով, առնվազն մեկ լուրջ քայլ կկատարի: Բնականաբար, արձագանքները բուռն էին՝ սկսած շարքային սպառողներից, վերջացրած համապատասխան պետական կառույցներով: Օրինակ՝ կարելի է միայն ողջունել որակի տեսչության արագ արձագանքը. այդ կառուցը, փաստորեն, իր իսկ խոսքերով, տարվա երկրորդ կիսամյակի համար նախատեսված սուրճի շուկայի ուսումնասիրությունը դարձրեց հրատապ թեմա՝ խոստանալով, որ 10-15 օրից կհայտարարի իր վերջնական եզրակացությունը: Մի խոսքով, հուսով եմ, որ արդեն մի քանի օրից որակի տեսչությունը կկարողանա իր հստակ կարծիքը ներկայացնել: Ցավոք, արտադրողների ռեակցիան նույնը չէր: Եթե չեմ սխալվում, հիշյալ սուրճ արտադրողներից ընդամենը մեկը՝ «ՖԵՌՈ»-ն է արձագանքել: Խոսքս միայն մամուլում հնչեցված վերջինիս հայտարարությունների մասին չէ: Ուզում եմ տեղեկացնել, որ ընկերության ներկայացուցիչները մեր միությանն են ներկայացրել վերջին օրերին իրենց նախաձեռնությամբ իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Հասկանալի է, որ, վերջին հաշվով, այդ արդյունքները մենք չէինք կարող, այսպես ասած, չեզոք համարել: Այդ իսկ պատճառով ընկերությունը մեզ առաջարկեց անցկացնել իրենց ողջ տեսականու համատեղ ուսումնասիրություն, հանձնել մի քանի լաբորատորիաների, գիտական կառույցների, որից հետո միայն կարելի է վերջնական պատկերացում կազմել «ՖԵՌՈ»-ի ապրանքատեսականու ներկայիս ընդհանուր վիճակի մասին: Կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ է, եւ, ըստ այդմ, ուզում եմ կոչ անել շուկայում գործող մյուս արտադրողներին, համապատասխան պետական կառույցներին, լրատվամիջոցներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին եւս միանալ այդ համատեղ ակցիային: Կարծում եմ, այդտեղ ավելորդ չէր լինի եւս մեկ անգամ ներկայացնել «Սպառողների միության» (կարծում եմ, սպառողների շահերով զբաղվող մյուս բոլոր պետական եւ ոչ պետական կառույցների եւս) գործունեության մեխանիզմները, այն է՝ նպաստել սպառողների շահերի պաշտպանությանը, ըստ այդմ՝ հնարավորինս չվնասելով կոնկրետ շուկաների եւ արտադրողների, այլ վերջիններիս համոզել, ինչու ոչ նաեւ պարտադրել, որ իրենց գործունեությունը որակական եւ այլ առումներով համապատասխանեցնեն գործող օրենքներին, նորմերին եւ ստանդարտներին: Հակառակ պարագայում, դժվար չէ նկատել, որ հետեւանքները որոշ դեպքերում կարող են անգամ անուղղելի լինել. ի վերջո, ի դեմս տեղական արտադրողի, գործ ունենք անկախ պետականության կարեւորագույն ատրիբուտներից մեկի հետ, եւ ամենեւին էլ չպետք է մոռանալ, որ սպառողների շահերին զուգահեռ՝ մշտապես կան նաեւ արտադրողի, վերջինիս մոտ աշխատանք ունեցող շարքային քաղաքացիների եւ վերջին հաշվով պետության շահերը: Ելնելով ասվածից՝ համոզված եմ, որ սուրճի շուկայի շուրջ ներկայումս ծավալված բարդությունները եւս պետք է լուծել համատեղ ջանքերով՝ ելնելով բոլոր կողմերի շահերից:
Հասկանալի է, որ «Հասարակության հետ կապերի ասոցիացիայի» կողմից ներկայացված ուսումնասիրություններում հիմնականում առաջին պլան էր մղվում ծանր մետաղների, որոշ սուրճերի մոտ օսլայի պարունակության խնդիրը: Սակայն միաժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա. ներկայացված փաստաթղթերում ներառված բոլոր ապրանքատեսակների վրա, բացառությամբ «ՖԵՌՈ»-ի, բացակայում էին արտադրության ժամկետները՝ պիտանելության ժամկետի առկայության պարագայում: Այս խնդրի մասին բազմիցս եմ խոսել, սակայն կուզեի եւս մեկ անգամ կրկնել. եթե անգամ ընդունենք, որ հիշյալ սուրճերը բոլոր չափանիշներով համապատասխանում էին պահանջվող նորմատիվներին, այդ դեպքում կա՞ որեւէ երաշխիք, որ արտադրության ժամկետի բացակայության պարագայում մենք մշտապես չենք օգտվում ժամկետանց արտադրատեսակներից: Իսկ այն, որ անգամ ամենաորակյալ ապրանքատեսակն իր օգտագործման ժամկետը լրանալուց հետո կարող է դառնալ առողջության համար խիստ վտանգավոր, կարծում եմ ապացուցելու կարիք չկա: Ապրանքատեսակի փաթեթավորման վրա արտադրության ժամկետի բացակայության պարագայում ցանկացած սպառող կարող է պնդել, որ այն ժամկետանց է, իսկ հակառակը չի կարող հիմնավորել ո՜չ արտադրողը եւ ո՜չ էլ այդ ապրանքը վաճառողը: Վերջին հաշվով՝ հիշեցնեմ, որ արտադրության ժամկետի մակնշումը «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի կարեւորագույն պահանջներից մեկն է, ինչն արդեն իսկ ապացուցում է, որ այդ ցուցանիշի բացակայության պարագայում արդեն իսկ չի կարելի խոսել անվտանգ սննդամթերքի մասին: Մյուս կողմից էլ նկատենք, որ արտադրության ժամկետը կամ օրենքով պահանջվող մակնշման մյուս պահանջները չկիրառելը չի կարող պատահականություն կամ վրիպակ համարվել, ինչն արդեն խոսում է արտադրողների եւ նման սուրճը վաճառողների կողմից գիտակցված կերպով իրականացված հակաօրինական արարքի մասին: Մի խոսքով, արտադրության ժամկետի խնդիրը եւս լրջորեն կներառվի մեր ուսումնասիրությունների շրջանակներում»,- պարզաբանեց «Սպառողների միության» նախագահը: Կարծում ենք սպառողների շահերը պաշտպանող կառույցի, արտադրողի, լրատվամիջոցների եւ այլ կառույցների մասնակցությամբ սպառողական շուկայի ուսումնասիրությունը մեր իրականությունում եթե ոչ աննախադեպ, ապա գոնե խիստ հազվադեպ երեւույթ է, եւ բնականաբար կարիք կա ներկայացնել նման ուսումնասիրությունների առաջարկ հնչեցնող կողմի տեսակետը եւս:
Այդ նպատակով դիմեցինք «ՖԵՌՈ» ընկերությանը, որտեղից պատասխանեցին. «Նախ, քանի որ դեռ առիթ չենք ունեցել, կուզենայինք ձեր թերթի միջոցով շնորհակալություն հայտնել «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիային», «Սպառողների միությանն» եւ այլոց սննդամթերքի՝ մասնավորապես սուրճի շուկայի անվտանգության հետ կապված մտահոգությունների առնչությամբ: Հայտնի հայտարարությունից հետո «ՖԵՌՈ»-ն եւս մեկ անգամ սկսեց ուսումնասիրել իր արտադրանքը եւ բնականաբար այդ ուսումնասիրությունների արդյունքը է՜լ ավելի հստակեցնելու նպատակով առաջարկեց «Սպառողների միությանն» իրականացնել համատեղ ուսումնասիրություններ՝ դրանով ներգրավելով բոլոր շահագրգիռ կառույցներին: Դրանից հետո միայն կհնչեցվի վերջնական եզրակացությունը»:
Ուզում ենք հիշեցնել, որ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» հրավիրված հայտնի մամլո ասուլիսին ներկա Ա. Պողոսյանն իր ելույթում հիշատակեց մտահոգություններ հարուցող այլ՝ ձեթ-յուղերի եւ գազավորված ըմպելիքների շուկաները՝ խոստանալով, որ այս ուղղությամբ եւս միությունը պատրաստվում է ուսումնասիրություններ սկսել: Ի՞նչ է արվում: Հարցին պատասխանելով պրն Պողոսյանը՝ մասնավորապես նշեց. «Հարցը կապելով սուրճի հետ, նախ կուզեի նկատել, որ հիշյալ ապրանքատեսակը, թեեւ Հայաստանում ունի մեծ կիրառում, սակայն ակնհայտ է նաեւ, որ այն օգտագործում են հասարակության ոչ ամբողջ մասը՝ մասնավորապես երեխաները սուրճ չեն օգտագործում: Մինչդեռ կան սննդամթերքի տեսակներ, որոնք շատ ավելի մեծ քանակությամբ օգտագործում են ամբողջ հասարակությունը: Խոսքն այստեղ նույն հյութերի, ձեթերի եւ յուղերի մասին է, որոնց առնչությամբ արդեն իսկ ունենք սպառողների կողմից հնչեցված բազմաթիվ բողոքներ եւ եկել ենք այն եզրակացության, որ այդ շուկաներն ուսումնասիրության առաջնահերթ անհրաժեշտություն ունեն: Առաջարկել ենք այդ շուկաները համատեղ կերպով ուսումնասիրել «Որակի տեսչության» հետ: Տեսչության պետի հետ արդեն իսկ ձեռք ենք բերել բանավոր համաձայնություն, եւ հուսով եմ, որ առաջիկա օրերին կկարողանանք ուսումնասիրել այդ շուկաները եւ, արդյունքները ներկայացնել հանրությանը՝ հաշվի առնելով, որ առջեւում այն սեզոնն է, երբ տվյալ ապրանքատեսակների օգտագործումը հասնում է առավելագույն չափերի»:
«Հ.Գ.
Քանի որ համատեղ ուսումնասիրությունների վերոհիշյալ առաջարկում մասնակցության հրավեր էր հասցեագրված նաեւ լրատվամիջոցներին, «Իրավունքը» խոստանում է մասնակցել՝ դրանց ընթացքի եւ արդյունքների մասին տեղյակ պահելով իր ընթերցողին:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ
11_05_2004
«ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՑՈՂ ՍՈՒՐՃԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ ԵՆՔ»
«Իրավունք»
Ինչպես արդեն առիթ ենք ունեցել ներկայացնել, անցած շաբաթ հայաստանյան սուրճի շուկայում իրականացվեցին համատեղ ուսումնասիրություններ «Սպառողների միության», ՀՀ որակի տեսչության եւ լրատվամիջոցների մասնակցությամբ: Ընթերցողին հիշեցնենք նաեւ, որ «Սպառողների միության» կողմից ուսումնասիրություններին մասնակցելու հրապարակային հրավեր արվեց նաեւ արտադրողին, որին, ցավոք, արձագանքեց միայն «Ֆեռո» ընկերությունը: Վերջինիս արտադրանքի գրեթե ողջ տեսականին, պատահականության սկզբունքով ուսումնասիրության մասնակիցների կողմից գնվեց վաճառակետերից եւ ուղարկվեց չորս հայտնի կենտրոններ՝ դրանց բաղադրությունը լաբորատոր ուսումնասիրությունների ենթարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացանք «Սպառողների միությունից», լաբորատոր եզրակացությունները պատրաստ են, եւ այս շաբաթվա ընթացքում այն կներկայացվի հանրությանը: Շարունակելով ուսումնասիրությունները՝ միաժամանակ տարբեր վաճառակետերից ձեռք բերվեց 15 անուն այլ սուրճ, դրանց ուսումնասիրությունը ամենապարզ ցուցանիշներից՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով պահանջվող մակնշման պահանջներից, եւ առաջին հերթին ժամկետանցության խնդրից սկսելու նպատակով, հաշվի առնելով, որ եթե տվյալ ապրանքատեսակների վրա առկա չեն արտադրության ժամկետները, նման այլ ցուցանիշներ, ապա արդեն իսկ չի կարելի խոսել դրանց որակի, առավել եւս բաղադրության մասին: Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, հիշյալ 15 անուն սուրճից 12-ի մոտ, այդ թվում «Grandos», «Golden Ray», «Կարդինալ», «Super Cardinal», «Դերժավա», «Best café», «Sis classic», «Լուս Աստղ», «LX», «Rio Grande», բացակայում է արտադրության ժամկետը: Բացի այդ ցուցանիշներից, գրեթե բոլոր տեսակների մոտ արձանագրվել են այլ խախտումներ: Այդ եւ ուսումնասիրությունների շարունակության ընթացքում արձանագրված մի շարք այլ խախտումների մասին նախնական տեղեկատվությանը «Սպառողների միությունը» խոստացավ հանրությանը ներկայացնել վաղը: Իսկ մինչ այդ, զրուցեցինք ուսումնասիրություններին մասնակից կողմերից մեկի՝ ՀՀ որակի պետական տեսչության պետ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: -Բացի հասարակական կառույցների հետ համատեղ ուսումնասիրություններից, ՀՀ որակի տեսչությունը իր ուժերով է լայնածավալ ստուգումներ իրականացնում հայաստանյան սուրճի շուկայում, եւ արդյունքները խոստացել եք ներկայացնել ստուգումների արդյունքներն ամփոփելուն պես:
- Դրանք ե՞րբ կներկայացվեն հանրությանը:
- Մենք մինչեւ շաբաթվա վերջ արդյունքները կներկայացնենք մեր վերադաս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությանը, քանի որ նման կառույց որակի տեսչությունը չունի: Հնարավոր է, որ մենք փորձենք այն ուղղակիորեն տրամադրել լրատվամիջոցներին: Ամեն դեպքում, անկախ տեխնիկական կողմից, կարծում եմ, գալիք շաբաթվա առաջին օրերին հանրությանը կտրամադրվեն ստուգումների արդյունքները:
- Զուգահեռաբար որակի տեսչությունը մասնակցում էր համատեղ ստուգումների: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանց արդյունքները:
- Ե՛վ մեր ստուգումների, ե՛ւ համատեղ ուսումնասիրությունների արդյունքները հիմք են տալիս հաստատել, որ մակնշման գծով կան բազմաթիվ թերություններ: Մասնավորապես համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 15 անուն սուրճից 12-ի մոտ բացակայել է արտադրության ժամկետը, ինչը մակնշման պահանջների կոպիտ խախտում է: Բացի այդ, նշեմ, որ որակի տեսչությունը բացի ստուգումներից, սուրճի շուկայում մեր ուժերով իրականացրեցինք նաեւ ուսումնասիրություններ, որոնց ընթացքում եւս պարզվեցին բազմաթիվ նման թերություններ:
- Արտադրության ժամկետի բացակայությունը կարող է հիմք տալ պնդել, որ ամեն մի կոնկրետ դեպքում գործ ունենք ժամկետանց ապրանքատեսակի հետ, օգտագործման առումով իր բոլոր վտանգավոր հետեւանքներով հանդերձ: Համենայն դեպս, հակառակն ապացուցելը դժվար թե որեւէ մեկին հաջողվի: Ո՞րն է այդ հարցում Ձեր կարծիքը:
- Նախ եւս մեկ անգամ նշեմ, որ սուրճի շուկայում այսպիսի մեծածավալ ուսումնասիրություն եւ ստուգումներ դեռ չէինք իրականացրել, եւ այն մեր ծրագրերով նախատեսված էր երկրորդ կիսամյակի համար: Բայց հասարակական կազմակերպությունների, մասնավորապես «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի», «Սպառողների միության» կողմից տեղին բարձրացված խնդիրները (ինչի համար կուզեի այդ կառույցներին շնորհակալություն հայտնել) մեզ ցույց տվեցին, որ տվյալ շուկայի ուսումնասիրությունը պետք է սկսել անհապաղ: Ինչ վերաբերում է արտադրության ժամկետի բացակայությանը, այո՜, ես էլ եմ պնդում, որ այդ ցուցանիշի բացակայության պարագայում տվյալ ապրանքը կարելի է համարել ժամկետանց:
- Նման ապրանքատեսակների նկատմամբ ի՞նչ մոտեցումներ, մեխանիզմներ են գործում:
- Մանրածախ առեւտրի ցանցի տնտեսվարող սուբյեկտները, խանութները մակնշման պահանջներին չբավարարող փաթեթավորմամբ սուրճը վաճառելու դեպքում կտուգանվեն 10-50 հազար դրամով: Բացի այդ, այն տնտեսվարողները, որոնք սուրճը վաճառել են առանց համապատասխան սերտիֆիկատի, կարող են տուգանվել 100 հազար դրամով: Սակայն մեր խնդիրը վերջին հաշվով շուկայի կարգավորումն է: Այդ իսկ պատճառով արդեն իսկ զգուշացրել ենք 300 խանութների (եւ այդ թիվը օրեցօր աճում է)՝ վերջիններիս պարտավորեցնելով նման ապրանքատեսակ չվաճառել: Մյուս կողմից էլ հնարավոր են դեպքեր, երբ արտադրողը վաճառակետերին տվել է սերտիֆիկատ մի ապրանքատեսակի համար, որի մակնշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Այս դեպքում տվյալ արտադրողը կտուգանվի 100-300 հազար դրամ: Սակայն, տուգանքից զատ, անբավարար մակնշված, այդ թվում, արտադրության ժամկետ չունեցող սուրճի վաճառքը կասեցնում ենք:
- Ի՞նչ է նշանակում «վաճառքը կասեցնել» արտահայտությունը:
- Տվյալ խմբաքանակը կապարակնքում ենք, եւ վաճառողը ստորագրությամբ պարտավորվում է այն չվաճառել: Եթե տվյալ ապրանքատեսակը նորից փորձեն վաճառել, այս դեպքում նախատեսված է 500 հազար դրամի տուգանք, անգամ քրեական պատասխանատվություն:
-Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նման քայլերով շուկան կսկսի կարգավորվել, եւ եթե հայտնի դառնան, ասենք, հրապարակվեն կոնկրետ վաճառակետերում մակնշման պայմաններին չբավարարող ապրանքատեսակների վաճառքի փաստեր, որակի տեսչության կողմից համարժեք քայլեր կիրականացվե՞ն:
- Կրկնում եմ, արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ թերություններ, թեեւ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Բոլոր թերացողներին էլ մեր ունեցած իրավունքների սահմաններում համապատասխան պատժի կենթարկենք: Հայտնաբերել ենք նաեւ մի շարք արտադրատեսակներ, որոնց արտադրողները անհայտ են կամ թույլ են տվել այլ բնույթի կեղծիքներ: Նման հարցերով զբաղվելը արդեն դատախազության գործն է, եւ այդ կառույցը եւս ներկայումս շատ խորը ուսումնասիրում է շուկան: Ինչ վերաբերում է նոր փաստերին, ապա մեզ օրենսդրորեն տրված իրավասությունների շրջանակներում, հասկանալի է, որ անհապաղ կարձագանքենք ոչ միայն լրատվամիջոցներում հնչեցված փաստերին, այլեւ անգամ ցանկացած սպառողի ահազանգի, եւ խախտումը հաստատելուց հետո անմիջապես կկասեցնենք տվյալ ապրանքատեսակի վաճառքը, իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Նման տեղեկատվությունը մենք կարող ենք միայն ողջունել, եւ ըստ այդմ էլ կցանկանայի խնդրել լրատվամիջոցներին, որ կոնկրետ չարաշահման փաստերից զատ շարունակեին սպառողներին տեղեկացնել, բացատրել նրանց իրավունքները, որպեսզի եթե վերջիններս, օրինակ, սուրճ են գնում, թող նախ իրենք էլ ուշադրություն դարձնեն թերություններին, հաշվիչ-դրամարկղի կտրոնն անպայման պահանջեն, որպեսզի հնարավորություն լինի ապացուցել չարաշահման, կեղծիքի փաստը՝ հաշվի առնելով, որ այդ ամենը ի վերջո իրենց շահերի պաշտպանության համար է:
- Բացի աղացածից, համատարած վաճառվում է նաեւ հատիկավոր սուրճ: Հիշյալ համատեղ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվեց փաստ. «Արաբիկա» անվան տակ վաճառում էր այլ՝ բավականին կասկածելի որակի եւ տեսակի սուրճ: Այդպիսի բազմաթիվ փաստեր կարելի է նշել: Ձեր ստուգումների ընթացքում հատիկավոր սուրճով զբաղվե՞լ եք:
- Բնականաբար, հատիկավոր սուրճերից էլ ենք նշումառում կատարել: Միաժամանակ կարող եմ հայտարարել, որ, ի թիվս այլ խախտումների, այո՜, երբեմն վաճառվում են այնպիսի երկրների սուրճ, որոնց արտադրանքը Հայաստան չի ներմուծվում: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ առաջիկայում դրանց արդյունքները եւս կներկայացնենք հանրությանը:
Ք. ՍԱՐՍՅԱՆ
«ԹԵԼԵՊԼԱՍԸ» սեփական ծուղակն ընկավ
Ամսաթիվ` 20.04.04
www.a1plus.am
ՀՀ քաղաքացիներն այլեւս կարիք չեն ունենա դատարանում ապացուցելու, որ 2003թ. ապրիլ-հունիս ամիսներին «Թելեփլաս» ընկերության մի շարք հեռուստաալիքներով սփռված ծանոթության ծառայության գովազդն անբարեխիղճ է:
2004 թվականի ապրիլի 9-ին ՀՀ վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների վճիռը, որով բավարարվել էր Քրիստինա Տերյանի հայցն ընդդեմ «Թելեպլաս» ՍՊԸ-ի եւ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի:
Դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ Քրիստինե Տերյանի անչափահաս որդին չէր օգվի ծանոթության ծառայությունից, եթե գովազդում լիներ առաջարկվող ծառայությունների նկարագիրը, դրանց սակագինը նրա համար լիներ պարզ եւ ընկալելի: Քրիստինա Տերյանը, եւ նաեւ մյուսները, որոնք նմանատիպ հիմքով կդիմեն դատարան, կազատվեն վճարման պարտականությունից:
Դատարանի որոշումից հետո, Քրիստինա Տերյանի հեռախոսն արդեն միացվել է:
Ըստ Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, կոնկրետ դժվար է ասել, թե քանի քաղաքացի է վնաս կրել «Թելեփլաս»-ի անբարեխիղճ գովազդի պատճառով:
Օգտվողների մի մասը չի ցանկացել դատարան դիմել, մի մասն էլ երեւի կրած վնասը լուրջ չի համարել,- «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արման Սաղաթելյանը:
Ըստ «ԱրմենՏելի», հայցվորների թիվը 200 է: «Ծանոթության ծառայությունից» օգտվելու հետեւանքով յուրաքանչյուր բաժանորդի հաշվին կուտակվել է մինչեւ 1մլն դրամ: Ի դեպ, դժվար է նաեւ ասել, թե այս գովազդի անբարեխղճության պատճառով քանի չափահաս է «Թելեփլաս» -ի «ծուղակն ընկել»:
Բացի այդ, անհնար է կանխատեսել՝ արդյոք այդ պարագայում Հայաստանի դատարանները վերստին անբարեխիղճ կճանաչեի՞ն հիշյալ գովազդը:
Սուրճի փոխարեն` թույն
Ամսաթիվ` 00.00.00
«Երկիր»
Ոչ մեկի համար, թերեւս, նորություն չէ, որ ոչ միշտ է գովազդը համապատասխանում իրականությանը: Բայց այն, ինչ հայտնաբերվել է հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ կազմակերպված հետազոտությունների արդյունքում, գերազանցել է բոլոր կանխատեսումները:
Մամուլում արդեն հրապարակվել է, որ գովազդի եւ իրականության համապատասխանությունը հետազոտելու համար հասարակական կազմակերպություններից մեկը փորձաքննության էր ուղարկել լայն սպառում ունեցող ապրանքատեսակներից մեկը՝ սուրճը: Ընդ որում, փորձաքննության էր ուղարկվել մոտ 11 անուն սուրճ, որոնք գնվել են մեծ համբավ ունեցող առեւտրի կենտրոններից: Արդյունքում պարզվել է, որ 9 անուն սուրճ ուղղակի պիտանի չէ օգտագործման համար. ի դեպ, դրանց թվում են առավել շատ գովազդվող տեսակներ:
Մասնավորապես, ՀՀ փորձագիտական կենտրոնում իրականացված կենսաբանական եւ ֆիզիկաքիմիական հետազոտությունների արդյուքում երկու տեսակի սուրճի, օրինակ՝ «PREMIER classic»-ի չափածրարված աղացած սուրճի մեջ հայտնաբերվել է օսլա, որը պարունակող նյութերի խառնուրդ սուրճերում չի նախատեսվում: Նշենք, որ օսլան առաջանում է գարու, սիսեռի, կաղինի խառնուրդի դեպքում: Ասել է թե՝ սուրճի անվան տակ մատուցվում է ինչ-որ խառնուրդ, ինչն արդեն իսկ բավարար է եղել փորձագետներին՝ պնդելու, որ այդ սուրճը պիտանի չէ օգտագործման համար: Բայց սա ոչինչ է հայտնաբերված թունավոր տարրերի քանակի համատեքստում: Թունավոր տարրերի ցուցանիշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված տեսակի սուրճի մեջ առկա է 2 մգ/կգ կապար, ինչը կրկնակի ավել է սահմանված քանակից, իսկ կադմիումն ավել է մոտ 8 անգամ՝ 041մգ/կգ՝ 0,05 մգ/կգ-ի փոխարեն: Այսինքն՝ չի համապատասխանում պարենային հումքի եւ սննդամթերքի անվտանգությանը եւ սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Կադիմումի տոկոսը բարձր է նաեւ բավական շատ գովազդվող «CARDINAL Classic» սուրճում. այստեղ այն գերազանցում է մոտ 100 անգամ՝ կազմելով 0.53 մգ/կգ: Նշենք, որ որոշ սուրճերում այս ցուցանիշն ավելի բարձր է, ինչը ենթադրում է, որ սուրճի անվան տակ սպառողները խմում են ոչ միայն գարի կամ կաղին, այլեւ օրգանիզմը քայքայող թույն:
Մասնագետների հավաստմամբ, նշված ծանր մետաղները օրգանիզմի վրա ազդում են ինչպես ռադիացիան: Մասնավորապես, կադմիումը առաջացնում է գլխապտույտ, սրտխառնոց, թուլություն, թոքերի այտուց, լյարդի, սրտի, նյարդային համակարգի ախտահարում, մեզի մեջ ավելացնում է սպիտակուցների քանակը: Բացի այդ, ունակ է խթանելու բոլոր տեսակի քաղցկեղների զարգացումը:Իսկ կապարը առաջացնում է ողջ նյարդային համակարգի, արյան, անոթների պաթոլոգիական փոփոխություններ, խախտում է սրտանոթային համակարգի գործունեությունը: Կապարի օրգանական միացությունները թունավոր են, առաջացնում են նյութափոխանակության խանգարումներ, ունակ են հանգեցնելու ընդհուպ ԴՆԹ-ի փոփոխության, եւ իբրեւ հետեւանք՝ մուտացիայի: Սրանից բխում է, որ մեր հասարակությունը պարբերաբար թունավորվում է որոշ տեսակի սուրճերի արտադրությամբ զբաղվող անձանց կողմից, ինչն արդեն քրեական հանցանք է, եւ պատկան մարմիններն ուղղակի պարտավոր են նրանց ենթարկել պատասխանատվության, ու օր առաջ կասեցնել նման թունավոր սուրճերի արտադրությունը: Իսկ թե այս ամենի մասին ինչ է մտածում ստանդարտացման ազգային ինստիտուտը եւ ինչու չի արձագանքում հասարակության զանգվածային թունավորմանը՝ բոլորովին այլ թեմայի նյութ է:
Ս. ՏՐՈՒԶՅԱՆ
30_04 _ 2004
ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ Է «ԽՈՒԺԱՆ» ՍՈՒՐՃ
ԵՐԿԻՐ
Խոստովանում է որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանը՝ հայտարարելով, թե ինքը պատասխանատու չէ սուրճի որակի համար, քանզի մինչեւ վերջերս գործող օրենսդրության համաձայն, տեսչությունը ստուգումներ կարող էր իրականացնել տարին մեկ անգամ, եւ վերջին ուսումնասիրություններն իրականացրել է 2003 թ. մայիսի վերջերին: Իսկ այս տարի, երբ ստացել էին նաեւ կրկնակի ստուգումներ անցկացնելու իրավունք, դեռ չէին հասցրել հետազոտել սուրճի ոլորտը:
Որակի ազգային ինստիտուտին փորձանմուշներ են ուղարկել՝ որոշ սուրճերի անորակ լինելու մասին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (Հայաստանի PR ասոցիացիան) հնչեցրած հայտարարություններից հետո միայն: Սակայն դա չխանգարեց, որպեսզի որակի տեսչությունը, այդուամենայնիվ, չսպասի այդ եզրակացություններին եւ շտապեց կասկածի տակ դնել որոշ սուրճերի սպառման համար ոչ պիտանի լինելու մասին փորձագիտական եզրակացությունները: Նկատենք, որ 9 անուն սուրճի սպառման համար ոչ պիտանի լինելու մասին եզրակացությունները տվել են հանրապետության բավական հայտնի, ընդ որում` պետական փորձագիտական կենտրոնները՝ ՀՀ փորձագիտական կենտրոնը (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) եւ առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի սանիտարա-հիգիենիկ լաբորատորիան, որոնց փորձանմուշներ էր ուղարկել Հայաստանի PR ասոցիացիան: Ըստ այդմ էլ հայտնի է դարձել, որ հայկական շուկայում սպառվող 6 անուն սուրճերում նորմայից բավական բարձր են թունավոր տարրերի եւ ֆիզիկաքիմիական տարրերի ցուցանիշները:
Մասնավորապես, «PREMIER Classic», «CARDINAl classic», «SUPER ARGO», «Maxwell», «FERO» եւ «Փարավոն» սուրճերում, ՀՀ փորձագիտական կենտրոնի եզրակացությունների համաձայն, բավական մեծ տոկոս են կազմում ծանր մետաղները՝ կապարն ու կադմիումը: Ամենաքիչը հայտնաբերվել է «Maxwell», եւ «PREMIER Classic» չափածրարված աղացած՝ համապատասխանաբար 100 եւ 300 գրամանոց փաթեթներում, սակայն դրանցում էլ հայտնաբերվել է օսլա, այսինքն՝ խառնուրդ, ինչն արդեն նշանակում է, որ նշված սուրճերը ոչ լիարժեք ապրանքատեսակ են: Կադմիումի տոկոսը անհամեմատ բարձր է եղել «FERO» աղացած սուրճի 100 գրամանոց փաթեթում. 0,76 գրամ՝ 0,05-ի փոխարեն: Այս ամենը փաստող փորձագիտական եզրակացությունները Հայաստանի PR ասոցիացիան լրագրողներին տրամադրեց մայիսի 3-ին, որոնց արձագանքելու եւ համապատասխան ուսումնասիրություններ սկսելու փոխարեն, հանրապետությունում սպառվող սննդի որակի համար պատասխանատու որակի տեսչությունը, ի զարմանս, շտապեց հերքել դրանք: «Ինչու» հարցի պատասխանը փորձեցինք ճշտել որակի տեսչության պետից:
«Հնարավոր չէ կադմիումը խառնել ինչ-որ սուրճի հետ. դա հողից է գալիս եւ հիմնականում կանաչ սուրճի մեջ է լինում: Կամ՝ չգիտեմ, պետք է ավտոմեքենայի խլացուցիչի մոտ պահեն, որպեսզի թունավորում ստեղծեն: Հնարավոր չէ կադմիումը խառնել նրա մեջ. այն շատ թանկ նյութ է, կեղծիք անողը ինչ-որ բան խառնում է օգուտ ստանալու ակնկալիքով, չէ՞», - մեզ հետ զրույցում այսպես պարզաբանեց որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանը՝ ավելացնելով, որ Հայաստան ներմուծվող սուրճը ենթակա է սերտիֆիկացման: Այսինքն՝ առանց սերտիֆիկատի տվյալ սուրճը հնարավոր չէ ներմուծել Հայաստան, իսկ եթե այն առկա է, նշանակում է՝ տվյալ սուրճը ստուգվել է, եւ որակը երաշխավորված է: Սրանից բխում է, որ եթե պարզվի, որ սուրճերի որոշ տեսակներում ծանր մետաղների բարձր ցուցանիշները ոչ թե արտադրանքի մշակման հետեւանք են, այլ Հայաստան ներմուծվող որոշ սուրճեր, այդուամենայնիվ, խիստ անորակ են, ապա դրա պատասխանատուն սերտիֆիկատ տված մարմինն է, որպիսի իրավունք ունի մոտ 20 հաստատություն, կամ մաքսային մարմինները, որոնք թույլ են տվել առանց համապատասխան սերտիֆիկատի սուրճը ներմուծել Հայաստան:
Սակայն ուշագրավն այն է, որ փորձագիտական եզրակացությունների օբյեկտիվությունը կասկածի տակ դնող որակի տեսչության պետը միաժամանակ ընդունում է Հայաստան ներմուծվող սուրճի անորակ լինելը: «Ինչքան խուժան սուրճ կա՝ արտասահմանից բերում-լցնում են Հայաստան. հնարավոր չէ, որ սուրճը լինի 1000-1200 դրամ: Դրա համար էլ պետք է նման կազմակերպությանը սերտիֆիկատ չտան»: Շտապենք ավելացնել, որ այս մտքի հեղինակը որակի տեսչության պետն է՝ Աշոտ Մանուկյանը: Իսկ թե ովքե՞ր են այդ «խուժան սուրճը» ներմուծում Հայաստան, եւ ո՞ր հաստատություններն են տալիս սերտիֆիկատ՝ պրն Մանուկյանը չմանրամասնեց եւ ոչ էլ պարզաբանեց, թե ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացնում եւ չի պահանջում, որ «խուժան սուրճին» սերտիֆիկատ տվող հաստատությանը զրկեն նման գործունեություն ծավալելու իրավունքից: Վերջապես, ինչո՞ւ բողոքեց, երբ սուրճի անորակ լինելու մասին ահազանգեց Հայաստանի PR ասոցիացիան: Քանզի նրա այն պատճառաբանությանը, թե կադմիումի տոկոսը սուրճում չի կարող բարձր լինել, քանի որ դրա համար պետք է սուրճը պահել ավտոմեքենայի խլացուցիչի մոտ... մեղմ ասած, չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ, որովհետեւ մասնագետների, մասնավորապես՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, էքոտոքսիկոլոգ Օլգա Ջուգարյանի հավաստմամբ, ծանր մետաղների տոկոսը կարող է բարձրանալ նաեւ արտադրանքի մշակման կամ փաթեթավորման ընթացքում՝ համապատասխան անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում: Ինչ վերաբերում է փորձագիտական եզրակացություններին չհավատալու Ա.Մանուկյանի մյուս պատճառաբանությանը, թե «բա ո՞նց է, որ մարդ չի մահացել»՝ արձանագրենք, որ նշված ծանր մետաղները ոչ թե մահվան պատճառ են դառնում, այլ խթանում են բոլոր տեսակի քաղցկեղների զարգացումը, վերափոխում ԴՆԹ-ն՝ առաջացնելով մուտացիա: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել որ նման հետեւանքներ մեզանում չեն արձանագրվել. Կա՞ արդյոք համապատասխան հետազոտություն:
Եվ վերջապես, Ա. Մանուկյանը, մասնավորապես՝ չհամաձայնելով «FERO» սուրճի 100 գրամանոց փաթեթում կադմիումի մոտ 15 անգամ բարձր լինելու մասին ՀՀ փորձագիտական կենտրոնի եզրակացությանը, որպես հակափաստարկ ներկայացրեց առողջապահության ազգային ինստիտուտի լաբորատորիայի եզրակացությունը, որը, ի դեպ, փորձաքննության էր ենթարկել արտադրողի տված նմուշը: Մինչդեռ սա պետք է լիներ ոչ թե հակափաստարկ, այլ ահազանգ, որ արտադրողի մոտ առկա է որակյալ սուրճ, իսկ սպառողին հասնում է ծանր մետաղներով հագեցած սուրճ: Սա, կարծում ենք, պետք է անհանգստացներ նաեւ «FERO»-ին, որ իր անվան տակ սպառվում է կեղծ սուրճ, եթե իսկապես վստահ է, որ իր ֆիրմային արտադրանքը որակյալ է:
Սոնա ՏՐՈՒԶՅԱՆ
07_05_ 2004
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/b]
[b]ԵՐԿԻՐ
«ԱրմենՏելը» շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել ՀՀ սպառողներին, ինչն այս անգամ արտահայտվում է բաժանորդների հեռախոսակապն անջատելով: Նման ճակատագրի արժանանում են բոլոր այն բաժանորդները, ովքեր անբարեխիղճ գովազդի պատճառով ընկել են «Թելեպլասի» թակարդը եւ «անհապաղ» զանգահարել նոր ծանոթություն հաստատելու կամ բախտագուշակության համար:
Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի տեղեկացմամբ, «ԱրմենՏելը» անջատումներն սկսել է վերջին օրերին, մինչդեռ նման իրավունք բացարձակապես չունի:
Քանզի, ինչպես արձանագրեց իրավաբան Դավիթ Սանդուխչյանը, բաժանորդի հեռախոսակապը «ԱրմենՏելը» կարող է անջատել, եթե այդ ծառայությունից օգտվելու համար բաժանորդը հրաժարվում է վճարել: Մինչդեռ տվյալ պարագայում հեռախոսակապից զրկվում են «Թելեպլասի» ծառայություններից օգտված քաղաքացիները: Ասել է թե՝ «ԱրմենՏելը», չգիտես ինչու, նույնացնում է իր եւ «Թելեպլասի» մատուցած ծառայությունները, ինչը այլ բան չէ, քան կամայականություն, իրավասությունների չարաշահում:
Հետեւապես, նման կամայականության պատճառով հեռախոսակապից զրկված քաղաքացիները կարող են դիմել դատական ատյանների միջամտությանը: Ավելին, անբարեխիղճ գովազդի «թիրախ» դարձած ՀՀ քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն՝ դիմելու նաեւ դատարան՝ ոչ պատշաճ մատուցված ծառայությունների դիմաց վճարման պարտավորությունից ազատվելու խնդրանքով:
Իսկ հիմքը, մասնավորապես, այն է, որ «Թելեպլասը» իր ծառայությունների մասին ազգաբնակչությանն իրազեկում է անբարեխիղճ գովազդի միջոցով՝ խախտելով, օրինակ, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, որը կանոնակարգում է անչափահասների պաշտպանությունը գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ: Սույն հոդվածի առաջին կետի համաձայն, արգելվում է այն գովազդը, որտեղ օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը:
Մինչդեռ տվյալ պարագայում օգտագործվել է հենց անչափահասների անփորձությունը, ինչի վկայությունն այն է, որ նշված ծառայություններից մեծամասամբ օգտվել են հենց անչափահասները: Վերջիններիս դյուրահավատությունը օգտագործելու մասին է վկայում նաեւ «Թելեպլասի» ծառայությունների գովազդում «հենց հիմա» զանգահարելու՝ տղաներին եւ աղջիկներին ուղղված կոչը:
Ավելին, նշված գովազդում տեղեկացնելով, թե իրենց այս կամ այն հեռախոսային ծառայությունից օգտվելու համար, օրինակ, 15 վայրկյանի արժեքը 20 ցենտ է, «Թելեպլասը» խախտում է նաեւ ժամանակի եւ դրամական միավորների վերաբերյալ մեզանում ընդունված չափորոշիչները, քանզի Հայաստանում ֆինանսական գործառնությունների դրամական միավոր համարվում է հայկական դրամը, իսկ ժամանակի միավորը՝ րոպեն, եւ ոչ երբեք՝ ԱՄՆ դոլարն ու վայրկյանը:
Բացի այդ, «Թելեպլասը» զլացել է հեռուստադիտողին պատշաճ կարգով իրազեկել, անչափահաս երեխաների կողմից այդօրինակ ծառայություններից օգտվելը բացառելու համար, հեռախոսները համապատասխան ձեւով կոդավորելու մասին: Արդյունքում, «Թելեպլասի» ծառայություններից օգտվել են հիմնականում անչափահասները՝ չափահասներին մատուցելով տհաճ անակնկալ կլորիկ գումարների պարտքի տեսքով:
Ասել է թե՝ արդարացված է չափահասների ցասումը, որն առայժմ արտահայտվում է պաշտպանության համար տարբեր հասարակական կազմակերպությունների դիմելով:
Դրանց ճիշտ ուղղություն հաղորդելու համար անհամեմատ ավելի շատ բողոքներ ստացած Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիան՝ «Ինտերնյուսի» իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանի հետ համագործակցաբար, մշակել է տիպային հայցադիմում՝ «Անբարեխիղճ գովազդ օգտագործելու, ինչպես նաեւ գործարար շրջանառության սովորույթների խախտմամբ մատուցված ծառայությունների դիմաց վճարման պարտավորություններից ազատելու մասին», եւ կոչ է անում քաղաքացիներին՝ ուղղակի դիմել դատարան:
Սա այն ճանապարհն է, որով կարող են գնալ մասնավոր քաղաքացիները, բայց այստեղ, կարծում ենք, իրենց խոսքը պետք է ասեն նաեւ պետական մարմինները, օրինակ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, արգելելով անբարեխիղճ գովազդի եթեր հեռարձակումը, ինչպես նաեւ կապի եւ տրանսպորտի նախարարությունը՝ պարտավորեցնելով «ԱրմենՏելին»՝ գործել բացառապես իրեն վերապահված իրավասությունների շրջանակում:
Ի դեպ, նշենք, որ «Թելեպլասը» ՀՀ-ում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի տնօրենը ազգությամբ հույն է:
Սոնա ՏՐՈՒԶՅԱՆ
13_06_2003
ԹԵԼԵՊԼԱՍԻ ԳՈՎԱԶԴՆ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ Է.
փաստել են փորձագետները
«Երկիր»
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օգոստոսի 8-ի որոշմամբ, նշանակվել էր նոր ծանոթություններ առաջարկող «Թելեպլասի» գովազդի փորձաքննություն, որի եզրակացությունը, «Թելեպլասի» եւ «ԱրմենՏելի» ներկայացուցիչների միջնորդությամբ, հրապարակվել է դռնփակ դատական նիստում: Սակայն, ինչպես մեզ հաջողվեց պարզել, դիտարկվող եզրակացությունն իր մեջ որեւէ գաղտնիք չի պարունակում՝ ո՜չ առեւտրային եւ ո՜չ էլ նեղ անձնական, հետեւապես այն գաղտնի փաստաթուղթ չէ եւ ենթակա է հրապարակման: Այն ընդամենը փաստում է գովազդի անբարեխիղճ լինելը:
Այսպես, փորձաքննության են ենթարկվել «Շանթ», «ԱԼՄ», «Դար 21» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների եթերով հեռարձակված գովազդի տեսաժապավենները, որոնք ուսումնասիրելով՝ փորձագետները պարզել են, որ ամբողջ գովազդն ուղեկցվում է ինտիմ, հաճելի, հրապուրիչ ձայնով, արտասանվող տեքստը կազմված է ներշնչելու, կոնկրետ վարքի ձեւավորման «ազդեցության հոգեբանության¦ սկզբունքներով, տրվում են անմիջապես գործողության անցնելու հրամաններ, ներշնչվում է, որ զանգահարելը ունկնդրի ցանկությունն է, խոստանում են անմիջական շփում:
Գովազդային հոլովակներն ուղղված են ստեղծելու այնպիսի ռեֆերենտային խումբ, որը կարող է դուրս մնալ ծնողների հսկողությունից եւ ուշադրությունից ու կարող է առաջացնել հայկական ավանդական ընտանեկան փոխհարաբերությունների խափանում:
Ի պատասխան դատարանի հարցադրումների՝ փորձագետները մասնավորապես արձանագրել են, որ անչափահասի դյուրահավատությունն ու անփորձությունը կարող են օգտագործվել գովազդային հոլովակում, քանզի անչափահասի մեջ առկա է ավելի շատ անհիմն անկախության ձգտում, իր ժամանակի եւ ծրագրերի անկախ տնօրինում, կատարված գործողությունների հետեւանքների ոչ բավարար գիտակցում:
Ավելին, անչափահասի դյուրահավատությունն օգտագործվում է գովազդային տեսահոլովակում շեշտված դուրեկան արտաքին ունեցող երիտասարդ աղջիկների եւ տղաների հետ ծանոթության հեռանկարի միջոցով՝ ելնելով անչափահասի սեռական դերի ընդունման եւ այդ դերի ճանաչման պայքարից, ծնողների հետ հուզական կապի թուլացման եւ այդ տարիքին բնորոշ ներքին կոնֆլիկտներից:
Անչափահասի դյուրահավատությունը, որը բխում է անչափահասին բնորոշ հիմնական հատկություններից, առաջ է բերում այնպիսի սպասելիքներ, որոնց հիմքը նրա սեռական կայացումն է, սեռական կյանքի նկատմամբ մեծ ուշադրությունը եւ սոցիալական թույլ կայացումը, կատարված գործողությունների հետեւանքների ոչ բավարար գիտակցումը:
Գովազդային տեսահոլովակներում ներկայացված սակագները բազմատարր են ու բնորոշ չեն հայկական մտածելակերպին եւ դա շփոթություն է առաջացնում ոչ միայն անչափահասի մեջ՝ դուրս մղվելով ուշադրության կենտրոնից, այլ նաեւ կարող է շփոթեցնել հասուն մարդուն՝ բարդ հաշվարկներ կատարելու անհրաժեշտության պատճառով,- ասվում է փորձաքննության եզրակացության մեջ:
Նշենք, որ սույն եզրակացությունը ստորագրել են փորձագետներ՝ հոգեբանական գիտությունների թեկնածուներ Ռուբեն Աղուզումցյանը, Սուսաննա Փիլոսյանը, Ռուբեն Նաղդյանը եւ Դավիթ Ամիրյանը: Չի ստորագրել միայն փորձագիտական խմբում «ԱրմենՏելի» եւ «Թելեպլասի» ներկայացմամբ ընդգրկված Արա Չալիկյանը, որը ներկայացրել է առանձին հատուկ կարծիք:
Ընդ որում, նա ոչ թե համակարծիք չի եղել եզրակացությանը, այլ սկզբից եւեթ բոյկոտել է փորձաքննությունը եւ չի մասնակցել դրան, ուստիեւ մյուս փորձագետները դատարանի կողմից փաթեթավորված եւ կնքված վիճակում տրամադրված տեսաժապավենները բացել են նրա բացակայությամբ:
Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նա ի սկզբանե գիտակցել է, որ «Թելեպլասի» գովազդներն անբարեխիղճ են, եւ փորձել է գոնե բոյկոտի միջոցով ստվերել փորձագետների համապատասխան եզրակացությունը, ինչը, փաստորեն, ապացուցում է, որ «Թելեպլասը» խախտել է ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես՝ «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածը, հետեւապես, այդ անբարեխիղճ գովազդի զոհերի հայցերն ընդդեմ «Թելեպլասի» ենթակա են բավարարման:
Սոնա ՏՐՈՒԶՅԱՆ
26_09_03
Սուրճի հետ` խառնուրդներ և թույն
Ամսաթիվ` 00.00.00
«Հայոց Աշխարհ»
Հայաստանի խանութներում, տոնավաճառներում եւ շուկաներում վաճառվող աղացած սուրճի տարբեր տեսակների մեջ վերջերս հայտնաբերվել են որոշակի թունավոր նյութեր, որոնք խիստ վնասակար են մարդու օրգանիզմին եւ առողջությանը: Ավելին՝ դրանք վտանգավոր են նաեւ մարդու կյանքի համար, քանի որ քաղցկեղածին են: Բացի թունավոր նյութերից, աղացած սուրճի որոշ տեսակներում հայտնաբերվել է նաեւ օսլա: Սա վկայում է այդ սննդամթերքում սուրճից շատ ավելի էժան գարու, սիսեռի կամ վայրի (խոզի) կաղինի խառնուրդի առկայության մասին, քանի որ պետական ստանդարտի համաձայն, աղացած սուրճի արտադրության ժամանակ եւ բաղադրության մեջ օսլա պարունակող նյութերի խառնուրդ նախատեսված չէ:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ու սպառողների միությունը «Արմենիա» հյուրանոցում երեկ հրավիրված կլոր սեղանում անդրադարձան վերոհիշյալ փաստերին: Կլոր սեղանի մասնագետներին ներկայացված փաստերը նույնիսկ ցնցող են: Դրանք դժվար թե անտարբեր թողնեն որեւէ ողջախոհ մարդու: Վերոհիշյալ ասոցիացիան (PR ասոցիացիա) 2004թ. մարտի 26-ին Հայաստանի փորձագիտական կենտրոն սննդային փորձաքննության է ներկայացրել մի շարք ընկերությունների արտադրած աղացած (փաթեթավորված) սուրճերի նմուշներ: Ըստ փորձագիտական կենտրոնի փորձագետների 12.04.2004թ. եզրակացության, 100 գրամանոց «CARDINAL Classic» տեսակի, փայլաթիթեղյա փաթեթի մեջ չափածրարված սուրճում կադմիումի փաստացի քանակությունը սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, առավելագույն թույլատրելի նորմերին (թիվ 2-III-4.9-01-2003 սանիտարական կանոններ եւ հիգիենիկ նորմեր) գերազանցում է ավելի քան 10 անգամ, «SUPER ARGO» սուրճում՝ ավելի քան 9 անգամ, «coffee FERO» սուրճում՝ ավելի քան 15 անգամ, բաժակե տուփով «Փարավոն» սուրճում՝ ավելի քան 14 անգամ, 300 գրամանոց պլաստմասսայե տարայում չափածրարված «PREMIER Classic» սուրճում՝ ավելի քան 8 անգամ, ձվաձեւ պլաստմասսայե տարայում չափածրարված «MAXWELL» սուրճում՝ ավելի քան 6 անգամ: Ավելին՝ վերոհիշյալ եզրակացության համաձայն, «coffee FERO» եւ «PREMIER Classic» սուրճերում ծանր մետաղե եւ թունավոր տարր համարվող կապարի պարունակությունը 2 անգամ գերազանցում է վերոհիշյալ պահանջներին ու նորմերին: Այս սուրճից վերջինում, ինչպես նաեւ «MAXWELL» սուրճում փորձաքննությամբ հայտնաբերվել է կողմնակի, չնախատեսված խառնուրդի մասին վկայող օսլա:
Փորձաքննությունը հայտնաբերել է նաեւ, որ «CARDINAL Classic», «SUPER ARGO» եւ «Փարավոն» սուրճերում լուծամզվածքային նյութերի զանգվածային մասը գերազանցում է պետական ստանդարտով նախատեսված առավելագույն թույլատրելի տոկոսը: Մեր ստացած նախնական տեղեկատվության համաձայն, այդ նյութերը որոշ ժամանակ հետո կուտակվում են ստամոքսում եւ օրգանիզմի համար դարձյալ անհետեւանք չեն լինում: «SUPER ARGO», «coffee FERO» եւ «Փարավոն» սուրճերում, ինչպես պարզվել է փորձաքննությամբ, մոխրայնության զանգվածային մասը նույնպես գերազանցում է պետական ստանդարտով նախատեսված առավելագույն թույլատրելի տոկոսը: PR ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանն այս առումով հնարավոր համարեց նաեւ, որ սուրճին խառնվում է որեւէ խառնուրդ, օրինակ՝ բամիա, որն օսլա չի պարունակում, այսինքն՝ օսլայի լինել-չլինելով, խառնուրդը չի հայտնաբերվում: Հայտնի է, որ սուրճը, ասենք, կաթից տարբերվում է նրանով, որ առույգացնող ըմպելիք է: Կոֆեինի թույլատրելի չափաքանակով պայմանավորված՝ հենց այս հատկանիշն է, որ գնահատվում է սպառողների կողմից եւ հիմնականում դրա համար է, որ նրանք գնում եւ օգտագործում են սուրճ: Մինչդեռ վերոհիշյալ փորձաքննությամբ պարզվել է, որ «SUPER ARGO» սուրճում կոֆեինի զանգվածային մասը պետական ստանդարտով թույլատրելիից պակաս է 12 անգամ, «CARDINAL Classic»-ում՝ ավելի քան 8 անգամ, «Փարավոն» սուրճում՝ 14 անգամ, «coffee FERO»-ում՝ ավելի քան 8 անգամ...
Հետազոտությամբ պարզվել է, որ բացառությամբ այս վերջինի, վերոհիշյալ բոլոր սուրճերի պիտակների վրա առկա մակնշումներից «արտադրման ժամկետ» մակնշումը բացակայում է, այսինքն՝ տվյալ սուրճի մակնշումները չեն համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ Հայաստանում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներին: Փորձագիտական եզրակացությունների համաձայն, վերոհիշյալ բոլոր սուրճերն էլ թունավոր տարրերի, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական ցուցանիշներով սպառման համար ոչ պիտանի սննդամթերքներ են: Մինչդեռ ինչպես հայտնի է, այդ սուրճը լայնորեն գովազդվում եւ պատկան մարմինների, այդ թվում եւ որակի տեսչության թողտվությամբ օրը ցերեկով վաճառվում է գրեթե ամենուր, վաճառվում է նաեւ այս պահին: Ի հավելումն վերոհիշյալի` առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի սանիտարա-հիգիենիկ լաբորատորիան էլ իր հերթին, փորձարկմամբ պարզել է եւ 14.04.2004թ. արձանագրություններում նշել, որ «MAXWELL N3», «Love N9», «Argo N2» աղացած սուրճերի նմուշները բերված ցուցանիշներով չեն համապատասխանում «Սուրճ բնական բոված» ՕՍՏ 6805-97 պահանջներին: Այդ բոլոր սուրճերում էլ կոֆեինը պակաս է պետական ստանդարտով նախատեսվածից, բոլորում էլ հայտնաբերվել է «ֆալսիֆիկացիա», նշված չեն արտադրման ժամկետը եւ տեսակը, ըստ պիտակի 100 գրամանոց (+/-3) ներկայացված «Love N9» սուրճը փաստորեն եղել է ընդամենը 93 գրամ: Վերջինս, ինչպես նաեւ «MAXWELL N3» սուրճը նախատեսված նուրբ եւ վառ արտահայտված բույրի փոխարեն, ունեցել է սուրճի թույլ բույր, իսկ «Argo N2»-ում սուրճի բույրից բացի, եղել է օտար հոտ, փորձարկողի ենթադրությամբ՝ «հավանաբար տարայի»:
Նախատեսվածին չեն համապատասխանում նաեւ «Love N9», «MAXWELL N3» սուրճերի համային հատկանիշները, վերջինիս մեջ հայտնաբերվել է նաեւ թույլ օտար համ: Ինչպես տեղեկացվեց կլոր սեղանի ընթացքում, Հայաստանում աղացած սուրճերի անվանատեսակները գերազանցում են 60-ը, եւ շատ հնարավոր է, որ այլ սուրճերում եւս հայտնաբերվեն նմանաբնույթ խախտումներ, եթե իհարկե այդ սուրճերի նմուշները փորձաքննության ներկայացվեն: Վերոհիշյալ ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ փորձաքննության ներկայացնելու նպատակով նշված սուրճերը գնել են ըստ վաճառողների խորհրդի, որպես շահում կամ առավել մեծ պահանջարկ ունեցող: Շուկայում վաճառվող բազմաթիվ այլ սուրճեր փորձաքննության չեն ներկայացվել, քանի որ ասոցիացիան չունի դրա համար անհրաժեշտ համապատասխան ֆինանսական միջոցներ: Բացի այդ, այս շուկայում ուսումնասիրություն կատարելը ասոցիացիայի հիմնական խնդիրը չէ:
Ի սկզբանե, ահազանգերից ելնելով, ենթադրվել է, որ սուրճի մեջ կարող են լինել ինչ-ինչ խառնուրդներ (օրինակ, անվտանգ գարի, սիսեռ...), սակայն ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է նաեւ անսպասելին՝ թունավոր տարրերի առկայություն: Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլգա Շուգարյանը ներկայացրեց խնդրի էկոթունաբանական մասը: Վերջինս նախ` տեղեկացրեց, որ թեեւ 40 տարի զբաղվում է էկոտոքսիկոլոգիայով, բայց իր համար պարզապես շոկ է եղել, երբ իմացել է, որ սուրճը ծանր եւ թունավոր մետաղի անթույլատրելի քանակություն է պարունակում: Կադմիումը, ինչպես նշեց նա, առավել վնասակար թունավոր մետաղ է, որը օրգանիզմում հայտնվելով, արյամբ տեղափոխվում է երիկամներ, լյարդ, կուտակվում դրանցում, մնում 40 տարի, բնականաբար, ախտահարելով ու խոցելով այդ օրգանները: Ի շարս այլ հիվանդությունների` առաջացնում է նաեւ գլխացավ, քաղցկեղ, ազդում մեր ժառանգական ապարատի՝ սաղմնի վրա, հանգեցնում աննորմալ ծնունդների: Ըստ նրա, գրեթե նույնը կարելի է ասել նաեւ կապարի առնչությամբ: Այս ավերիչ հատկություններն ավելի եւս մեծանում են, եթե սուրճի եւ ծխախոտի գործածումը զուգակցվում է: Ուշագրավ է նաեւ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հաղորդած տեղեկությունը. -Հայտնի փաստ է,- ասաց նա,- որ Հայաստանում շատ ավելի սուրճ են խմում, քան ներկրվում է: Բոլորս գիտենք, որ Հայաստանում սուրճ չի աճում, եւ այդ քանակությունը (տարբերությունը) բխում է կամ թաքնված ներմուծման քանակներից, կամ որ ավելի հավանական է, խառնուրդներից...
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՈՒՐՃԻ ՀԵՏ՝ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ ԵՎ ԹՈՒՅՆ-3
06_05_2004
Սկիզբը՝ նախորդիվ
Աղացած սուրճի մի շարք անվանատեսակներում թունավոր տարրերի, ինչպես նաեւ չնախատեսված խառնուրդների հայտնաբերման փաստը մեզ տարավ ՀՀ որակի տեսչություն: Իրոք, ինչո՞վ է զբաղված այս տեսչությունը, ինչպե՞ս է պաշտպանում սպառողների շահերը, երբ հայաստանյան սուրճի շուկայում իրականում խայտառակ վիճակ է՝ հաստատված Հայաստանի փորձագիտական կենտրոնի եզրակացություններով: Չէ՞ որ անվտանգության նորմերի եւ պետական ստանդարտների արձանագրված խախտումները նախեւառաջ որակի տեսչությունը պետք է հայտնաբերեր, քան «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ իր նախաձեռնած ուսումնասիրությամբ:
Որակի տեսչության պետ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ մեր զրույցի ընթացքում նաեւ տեղեկացանք, որ տեսչությունն աշխատում է 2003թ. մայիսի 23-ից: -2003թ. մեր գործունեության 7 ամսում սուրճի շուկայում ստուգումներ ենք իրականացրել «Ռոյալ Արմենիա», «Խնուս», «Տոպլայ», «Փարիզյան սուրճ», «ՖԵՌՈ» ՍՊԸ-ների, «Արմեն» ՓԲԸ-ի մոտ,- ասաց Ա.Մանուկյանը: Ըստ որակի տեսչության պետի, անցյալ տարվա ստուգումների արդյունքում սահմանված նորմերը գերազանցող թունավոր տարրերի առկայության փաստեր չեն հայտնաբերվել: Իսկ օսլա պարունակող կամ չպարունակող խառնուրդներ, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ՝ Ա.Մանուկյանը չէր հիշում...
Տեսչության պետի ասելով, այս տարի սուրճի շուկայում իրականացրել են ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն: Տեղում էլ պարզվեց, որ որակի տեսչությունը առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի սանիտարահիգիենիկ լաբորատորիա փորձարկման է ներկայացրել «ՖԵՌՈ-ԿԱՍ» ՍՊԸ-ի արտադրած աղացած սուրճը: Այսինքն՝ հենց այն ընկերության, որը վերջերս, ի թիվս այլ ընկերությունների, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվեց, քանի որ ՀՀ փորձագիտական կենտրոնը նրա արտադրած սուրճում եւս հայտնաբերել է կադմիում եւ կապար թունավոր տարրերի անթույլատրելի քանակներ (գերքանակներ), ինչպես նաեւ պետական ստանդարտից որոշակի շեղումներ: Առողջապահության ազգային ինստիտուտի հիշյալ լաբորատորիան (հիգիենայի ամբիոնի վարիչ Ա.Ղազարյանի ստորագրությամբ հաստատված) տվել է արտադրանմուշի փորձարկման թիվ 297 արձանագրությունը: Ըստ այդ փաստաթղթի, փորձարկման ներկայացված բոված, աղացած «FERO» «100%-անոց Բրազիլական Արաբիկա» էլիտար սուրճում (վակուումային փաթեթավորմամբ, արտադրված՝ 15.11.03) ամեն ինչ նորմերի եւ պետական ստանդարտների սահմաններում է, բացի... Ահա, հարգելիներս, այստեղ է, որ սկսվում է այս պատմության առավել քան զավեշտական, քրեականաշունչ եւ գրեթե դետեկտիվ հիշեցնող մասը: Նախ` սկսենք զավեշտականից:
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագրություն եկավ «ՖԵՌՈ-ԿԱՍ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը եւ ընկերության մամլո ծառայության անունից ներկայացրեց 05.05.2004 թվագրությամբ վճարովի մի հայտարարություն: «Ըստ վերջերս տարածված լուրերի,- նշված է այդ հայտարարության մեջ,- սուրճի մեջ ծանր մետաղների եւ այլ օտար խառնուրդների առկայության հետ կապված «ՖԵՌՈ-ԿԱՍ» ընկերությունը հայտնում է իր տարակուսանքը եւ հայտարարում է, որ «FERO» սուրճը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նորմերին եւ երաշխավորում է իր սուրճի որակը»: Հրաշալի¯ է, եւ, անշուշտ, ինքներս կտարակուսեինք, ավելին՝ կզարմանայինք, էլ ավելին՝ ապշահար կլինեինք, եթե «ՖԵՌՈ-ԿԱՍ» ընկերությունը չտարակուսեր եւ լռությամբ կամ առանց լռության ընդուներ, որ իր արտադրած սուրճի մեջ ծանր (թունավոր) մետաղներ եւ այլ օտար խառնուրդներ կան: Ընդգծենք, որ «ՖԵՌՈ-ԿԱՍ» ՍՊԸ-ի արտադրած սուրճի մեջ թունավոր տարրերի գոյությունը, ինչպես նաեւ կողմնակի խառնուրդների առկայության մասին հուշող, պետական ստանդարտը գերազանցող մոխրայնությունը «ըստ վերջերս տարածված լուրերի» չէ (ինչպես ընկերության հայտարարության մեջ է նշված), այլ ըստ փորձագիտական կենտրոնի եզրակացությունների: Երկրորդ. վերոհիշյալ ընկերությունն ի՞նչ հիմքից ելնելով է հայտարարում, որ «FERO» սուրճը համապատասխանում է Հայաստանում գործող բոլոր նորմերին, եւ ինչպե՞ս կարող է երաշխավորել իր սուրճի որակը, երբ իր իսկ ներկայացուցչի ձեռքով հիշյալ հայտարարության հետ բերված արտադրանմուշի փորձարկման թիվ 297 արձանագրությունում նշված է ճիշտ հակառակը: Այո, այդ փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված եզրակացության համաձայն, «ներկայացված «FERO» էլիտար «100%-անոց Բրազիլական Արաբիկա» վակուումային փաթեթավորմամբ բոված աղացած սուրճի նմուշը կոֆեինի պարունակությամբ չի համապատասխանում ՕՍՏ 6805-97 պահանջներին»:
Ըստ նույն փաստաթղթում նշված թվային ցուցանիշների, կոֆեինի զանգվածային բաժինը, ՕՍՏ 6805 կ.5.7-ի համաձայն, 0,7%-ից պակաս չպետք է լինի, մինչդեռ փորձարկված նմուշում 0,45% է, այսինքն՝ պետական ստանդարտով նախատեսվածից էապես պակաս: Այսինքն` տվյալ պարագայում կեղծիք, սպառողներին խաբելու միջոց է այդ սուրճն էլիտար ներկայացնելը, քանի որ այն ոչ միայն որակյալ չէ, այլեւ չի համապատասխանում պետական ստանդարտի պահանջին: Ի դեպ, պետական ստանդարտից այս էական շեղումը եւ սպառողներին խաբելու փաստն արձանագրված է ոչ միայն որակի տեսչության պետի կողմից անհիմն վիճարկված փորձագիտական կենտրոնի եզրակացության մեջ: Այն արտահայտված է նաեւ հենց որակի տեսչության պատվերով մեկ այլ լաբորատորիայում կատարված փորձարկման արձանագրության մեջ: Այնպես որ, գոնե վերը նշված ցուցանիշի խախտում արձանագրելու առումով երկու տարբեր մարմինների եւ լաբորատորիաների փաստաթղթերի միջեւ հակասություն չկա: Իսկ մնացյալին դեռ կանդրադառնանք... Սակայն, մինչ այդ, նշենք մի ուշագրավ փաստի մասին: Իր հետ մեր զրույցի ընթացքում որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանը ոչ միայն թաքցրեց, որ «ՖԵՌՈ-ԿԱՍ» ՍՊԸ-ի արտադրած տվյալ սուրճը պետական ստանդարտին չի համապատասխանել, այլեւ, չնայած մեր հարցերին, թերեւս, թույլ տալով պաշտոնեական կեղծիք, ներկայացրեց ճիշտ հակառակը: Թե ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ՝ այլ մարմինների, մասնավորապես գլխավոր դատախազության պարզելու խնդիրն է: Եւ ստանդարտից վերոհիշյալ էական շեղման մասին դժվար թե իմանայինք, եթե «ՖԵՌՈ-ԿԱՍ» ընկերության ներկայացուցիչն ինքն իր ձեռքով չբերեր փորձարկման արձանագրությունը: Ա.Մանուկյանը այդ մասին, իհարկե, գուշակել չէր կարող:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԹԵԼԵՊԼԱՍԻՑ» ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԸ ՀԵՇՏԱՑԵԼ Է
21_04_2004
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան երեկ սեմինար էր նախաձեռնել «Թելեպլաս» ՍՊԸի անունից տարածված «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ ծառայությունների անբարեխիղճ գովազդի հետեւանքով պատճառված վնասի եւ դրան առնչվող խնդիրների վերաբերյալ: Վերոհիշյալ ասոցիացիան տասը ամիս առաջ «Կոնգրես» հյուրանոցի նույն դահլիճում պնդել էր, որ «Թելեպլաս»-բաժանորդ վիճելի խնդրի լուծման միակ եւ ամենահստակ եղանակն է դատական ատյաններին դիմելն ու բաժանորդների խախտված իրավունքները վերականգնելը:
Տասը ամիս հետո ասոցիացիան արձանագրելով հաջողություն՝ այդ գործով քննված առաջին հայցի բավարարման առումով, բաժանորդ Քրիստինե Տերյանին տվյալ գործում սատարելու իր անելիքն այլեւս ավարտված է համարում: Հիշենք, որ Ք.Տերյանի անչափահաս երեխան անբարեխիղճ գովազդի հետեւանքով օգտվել էր ընկերության ծառայությունից, ինչի հետեւանքով տվյալ բաժանորդի հաշվին խոշոր պարտք էր ձեւակերպվել: Դատական գործի ավարտի համար պահանջված երկար (10-ամսյա) ժամանակը վերոհիշյալ ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը բացատրեց այն հանգամանքով, որ գործն անցել է դատական երեք բոլոր ատյաններով: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը ս.թ. ապրիլի 9-ին հօգուտ հայցվորի վճիռը թողել է ուժի մեջ, այն արդեն վերջնական է, օրինական ուժի մեջ մտած: Ա.Սաղաթելյանը մեկ անգամ եւս փաստեց, որ «Թելեպլասը» թույլ է տվել անբարեխիղճ գովազդ, հստակ տեղեկություններ չի հաղորդել հայտնի ծառայություններից օգտվելու վերաբերյալ, գովազդում մոլորության, շփոթության միջոցներ է կիրառել: Մյուս կողմից՝ «ԱրմենՏել» ընկերությունը տեղեկատվությունը պատշաճորեն չի հասցրել իր բոլոր բաժանորդներին: Ինչպես հարկն է նրանց չի ծանուցել նմանատիպ ծառայությունների գոյության մասին, ինչպես նաեւ հստակ չի հաղորդել այդ ծառայությունից օգտվելու արգելափակման եղանակների մասին: Դատաքննության ընթացքում հարկ է եղել դիմել նաեւ հոգեբանական փորձաքննության: Վերջինիս եզրակացության համաձայն, խնդրո առարկա գովազդը, իրոք, պարունակել է տարրեր, որոնք կարող են շփոթության, մոլորության պատճառ դառնալ եւ, ընդհանուր առմամբ, գովազդը ճանաչվել է անբարեխիղճ: Կարեւորելով վճռաբեկ դատարանի վերոհիշյալ պալատի վճիռը` իրավաբան Դավիթ Սանդուղչյանը հայտարարեց. Այդ վճռով ճանաչվել են մի շարք իրավաբանական փաստեր, որոնք հետագայում հայցվորները կարիք չեն ունենալու ապացուցել դատարաններում:
Ըստ Դ.Սանդուղչյանի, այդ փաստերից առաջինն այն է, որ «Թելեպլաս» ՍՊԸի անունից տարածված «ԱրմենՏել» ընկերության ծառայությունների գովազդը ճանաչվել է անբարեխիղճ: Երկրորդ իրավաբանական փաստը, որ նույնպես կարեւոր է, այն է, որ «ԱրմենՏել» ընկերության պատասխանատվությունն է ճանաչվել դատարանի կողմից` այդ գովազդը տարածելու համար, ասաց Դ.Սանդուղչյանը: Խոսքը 2003թ. Ապրիլ-հունիս ամիսներին տարածված «ծանոթության ծառայություն» գովազդի մասին է: Վերջինս անբարեխիղճ ճանաչելով` դատարանն իր վճռով հայցվորին ազատել է վճարման պարտականությունից, ընկերությանը պարտավորեցրել է վերականգնել բաժանորդի հեռախոսային կապը: Ք.Տերյանը եւ դատը շահած մյուս հայցվորը՝ Ռուզան Խաչատրյանը, արդյոք դիմելո՞ւ են դատարան՝ հեռախոսակապից զրկված լինելու ընթացքում եւ այդ իսկ պատճառով իրենց կրած վնասի փոխհատուցման պահանջով: Դ.Սանդուղչյանը եւ Ա.Սաղաթելյանն այս մասին տեղեկություն չունեին, սակայն հիշատակելով «ԱրմենՏելի» հրապարակած տեղեկատվությունը, վերջինս նշեց, որ այդ ընկերության եւ «Թելեպլասի» հիշյալ գործունեության հետ կապված մոտ 200 հայցադիմում կա դատարանում: Ընկերության կողմից որոշ բաժանորդների ներկայացված պարտքի գումարը հասել է մոտ 1 մլն դրամի, կողմնակի տեղեկություններ կան նաեւ պարտքի ավելի մեծ գումարի վերաբերյալ:
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՍԿ «ԹԵԼԵՊԼԱՍԻ» ԱՊԱԳԱՆ Ո՞Վ ԿԳՈՒՇԱԿԻ
Կամ՝ հենց հիմա խոսեք փաստաբանների ու դատավորների հետ
13_06_2003
Մեր բազմաթիվ հայրենակիցներ չէին էլ կարող ենթադրել, որ հեռուստաեթերից ու ռադիոյով գիշերուզօր տարփողվող «հեռախոսային» ծանոթության, գուշակության եւ սատանան գիտե, թե էլ ինչի զոհերն են դառնալու: Բանն այն է, որ նրանց հիմնականում անչափահաս ուստրերն ու դուստրերը կտցել են «Թելեպլաս» կոչվող ընկերության ծառայությունների գայթակղիչ, բայց սնամեջ գովազդն ու զանգահարել: Ճիշտ է, այդ մասին ծնողներից շատերն իմացել են միայն նրանից հետո, երբ «ԱրմենՏելից» իրենց հեռախոսահամարի վրա կլորիկ հաշիվներ են եկել՝ 100 հազարից մինչեւ 1, նույնիսկ՝ 1,5 միլիոն դրամ գումարով:
Ավելին, ներկայումս տարաբախտ բաժանորդների մի մասի հեռախոսները անջատված են, «մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի» պարտքը չմարելու պատճառով: Ըստ որում, փաստի առջեւ կանգնեցված ծնողներից շատերը մինչեւ այդ անգամ չեն իմացել, որ նման ընկերություն կամ ծառայություններ գոյություն ունեն: Հայաստանի շարքային քաղաքացիների գլխին հյուսված ու նրանց գրպանը մտնող հերթական խորամանկությանը երկրիս պետական կառույցներն ու այրերը որեւէ վերաբերմունք չեն ցուցաբերել եւ, կարծեք, մտադիր էլ չեն ինչ-որ կերպ պաշտպանել մարդկանց իրավունքները: Ահավասիկ, բարձրաստիճան մի պաշտոնյա, հակադարձելով մեր այն հարցին, թե մարդիկ ի՞նչ անեն, պատասխանեց. «Թող չխոսեին...»: Սակայն պարզվում է, որ «ձեռքերը լվանալուց» բացի, հարցի լուծման այլ, մասնավորապես՝ դատաիրավական հնարավորություններ էլ գոյություն ունեն: Երեկ այդ մասին խոսվեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ եւ «Ինտերնյուս» կազմակերպության իրավաբանական ծառայության ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՆԴՈՒԽՉՅԱՆԻ մամուլի ասուլիսում: Ըստ որում, լրագրողների հետ հանդիպման անհրաժեշտությունն ինքնըստինքյան էր ձեւավորվել, քանզի միայն նշված կազմակերպությանն արդեն ավելի քան 140 քաղաքացի է դիմել «թելեպլասյան» հարցերով: Իսկ ինչպե՞ս դատական կարգով պաշտպանել սեփական իրավունքները: Ասուլիս տվողները հայտնեցին, որ մշակել են տիպային հայցադիմում՝ «անբարեխիղճ գովազդ օգտագործելու, ինչպես նաեւ գործարար շրջանառության սովորույթների խախտմամբ մատուցված ծառայությունների դիմաց վճարման պարտավորությունից ազատելու մասին» (նշված տիպային հայցադիմումին ցանկացողները կարող են ծանոթանալ ինտերնետային http://home.media.am հասցեում): Անշուշտ, դատարան դիմելուց առաջ արժե խորհրդակցել որակյալ փաստաբանի հետ, քանզի, ինչպես նկատեց Դ.Սանդուխչյանը, յուրաքանչյուր դեպք իր որոշակի առանձնահատկություններն ունի:
Այնուհանդերձ, ի՞նչ հանգամանքների եւ ինչպիսի՞ փաստարկների վրա են խորհուրդ տալիս շեշտը դնել դատարան դիմելու դեպքում: Անդրադառնալով խնդրի իրավական կողմին, Դ.Սանդուխչյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել երեք հանգամանք: Առաջին՝ գովազդը եղել է անբարեխիղճ (իրավաբանական հետեւանքները բերում են գործարքն անվավեր ճանաչելու եւ վնասները փոխհատուցելու): Բացի այդ. «Պետք է նշել, որ գովազդի ընթացքում օգտագործվել են արտարժութային չափանիշներ, այսինքն՝ չի օգտագործվել դրամը, այսպիսով անտեսվել է քաղաքացիական օրենսգրքի 142 հոդվածը: Եւ գործարքները փաստորեն կատարվել են անչափահասների հետ: Նման գործարքները ոչ մի պարագայում չեն կարող համարվել կենցաղային կամ մանր գործարք (որոնք թույլատրվում են անչափահասներին): Եւ ծնողների պահանջով նման գործարքները կարող են բողոքարկվել դատարաններում եւ անվավեր ճանաչվել: Փաստորեն տեղի է ունեցել մոլորության էական ազդեցության տակ կնքված գործարք, որը եւս պետք է դատարանի կողմից ճանաչվի անվավեր»: Արժե փոքր-ինչ կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ «Թելեպլաս» ՍՊԸ ծառայությունների գովազդն ակնհայտ անբարեխիղճ է: Դա կարելի է փաստարկել, հիմք ընդունելով «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի առաջին կետը, ըստ որի, անբարեխիղճ է համարվում այն գովազդը, որտեղ օգտագործվում է անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը: Զորօրինակ, տվյալ գովազդը, գրավիչ ու ազդեցիկ լինելով մանավանդ անչափահասների համար, միաժամանակ չի պարունակել որեւէ հստակ տեղեկություն գովազդվող ծառայությունների մասին: Ըստ որում, գովազդային հոլովակներում ոչ միայն ոչինչ չի ասվում տվյալ ծառայություններից օգտվելը սահմանափակելու հնարավորության (հեռախոսի վրա արգելակիչ կոդ դնելու) մասին, այլեւ չի նշվում այդ ծառայություններից օգտվելու տարիքային որեւէ սահմանափակում: Ավելին, «Թելեպլասը» գովազդով հրավիրում է՝ «օգտվել ծանոթություն ձեռք բերելու յուրահատուկ հնարավորությունից», կոչ է անում զանգահարել նշվող հեռախոսահամարով եւ «հենց հիմա խոսել տղաների եւ աղջիկների հետ», առաջարկում է «իմանալ ապագան» եւ նման բաներ: Եթե անգամ նախազգուշացումներ հնչել էլ են, դրանք եղել են գովազդարշավը ծավալելուց զգալիորեն ուշ, իսկ ծավալով էապես զիջում են գովազդային տեքստին ու դրա հաղորդման հաճախականությանը: Մի խոսքով՝ գովազդն ու «Թելեպլասի» ծառայություններից օգտվելու հետեւանքների մասին զգուշացումը համարժեք տեղեկատվական գործընթացներ չեն եղել:
«Միանշանակ է, որ տվյալ գովազդը չի կարող համարվել բարոյական: Փաստ է, որ գործ ունենք անբարեխիղճ գովազդի հետ: Փաստ է, որ բազմաթիվ քաղաքացիների ներկայացվել են խոշոր հաշիվներ, որոնք գոյացել են այդ անբարեխիղճ գովազդի հետեւանքով: Եւ փաստ է, որ արդեն «ԱրմենՏելը» սկսել է անջատել հեռախոսները, եւ քաղաքացիները զրկվում են հեռախոսակապից»,- ասաց Ա.Սաղաթելյանը: Չափազանց հետաքրքիր է եւ այն փաստը, որ նաեւ «ԱրմենՏելը» ոչինչ չի ձեռնարկել բոլոր բաժանորդներին գոնե ծանուցելու համար, որ կա այդպիսի ծառայություն եւ ինչպե՞ս կարելի է կանխել անչափահասների կողմից դրանից օգտվելու հնարավորությունները: Ի դեպ, Դ.Սանդուխչյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ «ԱրմենՏելի» կողմից քաղաքացիների հեռախոսների անջատումները, փաստորեն, կատարվել են ոչ հեռախոսային ծառայություններ մատուցելու արդյունքում գոյացած գումարը չվճարելու համար: «Ծառայություն է մատուցվել «Թելեպլաս» ընկերության կողմից: Եւ պարտքն առաջացել է «Թելեպլաս»-ի հանդեպ»: Ասել կուզի, որ այդ ՍՊԸ-ն պետք է բանակցի յուրաքանչյուր քաղաքացու հետ պարտքը մարելու համար կամ դիմի դատարան՝ պարտքը գանձելու նպատակով: Ցանկացած պարագայում, «Դա «ԱրմենՏելի» պարտականությունը չէ: Ոչ հեռախոսային ծառայությունների մատուցման արդյունքում քաղաքացիների մոտ առաջացել է պարտք, որի պատճառով «ԱրմենՏելը» բաժանորդներին զրկել է հեռախոսակապից»: Իրավաբանը հայտնեց նաեւ, որ այդպիսով խախտվել է «Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների» 59-րդ կետը, որի համաձայն, օպերատոր-«ԱրմենՏելը» իրավունք չունի դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե բաժանորդի պարտքն առաջացել է ոչ հեռախոսային ծառայությունների հետեւանքով: Ի դեպ, չնայած «Թելեպլասը» առանձին իրավաբանական անձ է՝ ՍՊԸ, բայց կարելի է առնվազն ենթադրել, որ սերտ շփումներ ունի «ԱրմենՏելի» հետ: Համենայն դեպս, «Թելեպլասի» գլխավոր տնօրենը նույնպես հույն է՝ Կոնստանտինոս Բագրոպուլոս: Կարելի է, իհարկե, դիմել «ԱրմենՏելին», կապի նախարարությանը, ծայրահեղ դեպքում՝ դատարան: Ճիշտ կլինի նաեւ միանգամից երեքին էլ դիմել: Ըստ որում, պարտքը ճարահատյալ վճարած կամ մարման ժամանակացույց ստորագրած քաղաքացիները նույնպես կարող են դիմել դատարան: Կարող են նաեւ տուժածները միավորվեն ու փորձեն համատեղ ուժերով հասնել արդարության: Բայց հարկավ, ինչպես Արման Սաղաթելյանը նկատեց. «Միայն ակտիվության դեպքում որեւէ արդյունքի կհասնենք»:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
04_05_2004


