Մամուլը մեր մասին

Ուշադրություն: Մեր կայքի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրապարակումները չեն համընկնում



Հայաստանում քաղաքական գովազդն ու քարոզչությունը PR-ից շատ են օգտագործվում

Ամսաթիվ` 03.03.07

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ:
Հայաստանում քաղաքական քարոզարշավում 70-80%-ով օգտագործվում են քարոզչությունը եւ գովազդը, այնուհետեւ հասարակայնության հետ կապերի տեխնոլոգիաները: Այս մասին մարտի 1-ի ասուլիսում հայտնեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի («PR ասոցիացիա», www.apra.am) փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում քաղաքական գովազդը չի լուծում այս կամ այն քաղաքական ուժը կամ գործչին ճանաչելի դարձնելու խնդիրը, քանի որ բոլորն արդեն ճանաչում են կշիռ ունեցող բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին, իսկ քարոզչությունից ժողովուրդն արդեն հոգնել է:

Ա.Սաղաթելյանի խոսքերով, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում մրցակցությունը հիմնականում կծավալվի տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնելու համար:

Ինչ վերաբերում է PR-ին, ապա այդ ոլորտի տեխնոլոգիաներ ավելի շատ կիրառում են մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները: Նշվեց, որ սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում եւս կկիրառվեն «սեւ PR» տեխնոլոգիաներ ինչպես վարկաբեկման, այնպես էլ` հակառակորդների մասին բացասական տեղեկատվության հոսքի կազմակերպման տեսքով:

Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, Ա.Սաղաթելյանը նշեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կծախսվի ավելի շատ գումար, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

< Ետ դեպի ցուցակ